Narineh Malyan
Quick Facts
Biography
Նարինե Հենրիկի Մալյան (1960, նոյեմբերի 11, Երևան), հայ բեմադրիչ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)։
Հենրիկ Մալյանի դուստրը։
Կենսագրություն
Նարինե Մալյանը ծնվել է Երևանում կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1977-1981 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինո-ֆոտո բաժնում (Յուրի Երզնկյանի արվեստանոց)։ 1981 թվականից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի մուլտ արտադրամասում ռեժիսորի ասիստենտ՝ Ռոբերտ Սահակյանցի մոտ, 1984-1992 թվականներին՝ «Հայֆիլմ»-ի կինոդերասանի թատրոն-ստուդիայի ռեժիսորի օգնական։ 1984-1986 թվականներին զուգահեռ սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում և ստացել գեղարվեստական ձևավորողի դիպլոմ։ 1992-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային ֆիլմադարանի հեռուստալրագրող, 1998-2000 թվականներին՝ «Երևան FM» ռադիոկայանի գեղարվեստական ղեկավար։ 2001 թվականին համագործակցել է «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության հետ։ 2005 թվականին մասնակցել է Սպահանի կարճամետրաժ կինոնկարների 3-րդ միջազգային փառատոնին։ 2002 թվականից Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ 2006 թվականին մասնակցել է Մոսկվայի «Новая Драма» միջազգային թատերական փառատոնին և «Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում ցուցադրվել է Փարիզում, Մարսելում և Կանադայում: 2005 թվականին հրավիրվել է Հալեպի «Ադամյան» թատերախմբի կողմից՝ որպես «Ժառանգության իրավունք» ներկայացման բեմադրիչի օգնական։ 2007 թվականին հանդես է եկել Հենրիկ Մալյանի կինոդերասանի թատրոնի Գոգոլի «Ամուսնություն» ներկայացման գեղարվեստական ղեկավար:
Ստեղծագործություններ
Բեմադրություններ
- Միտուայի «Նվագակցողը», 1985
- Երվանդ Օտյանի «Ընկեր Փանջունի» (Գ. Բաբայանի հետ համատեղ), 1988
- Արդենի «Խաղաղ հանգրվան», 1990
- Աղասի Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա», 2004 («Արտավազդ» մեդալ, 2005)
- Վիլյամ Սարոյանի 100-ամյակի կապակցությամբ «Պատմություններ գնացքում», 2008(ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն ռեժիսուրա» անվանակարգում և «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակաբաշխության «Թատրոն» մրցանակ)
- Վարդգես Պետրոսյանի «Խոստովանություն թատրոնում» և «Ճակատագրի կատակներ», 2010
- Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելան»
Ֆիլմեր
- Էտյուդ, 1981
- «Առանց խոսքի» վավերագրական կինոնկար, 1981
- «Վերջապես գալիս եմ տուն» վավերագրական կինոնկար, 2001 («Կին» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 2004)
- «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» (կարճամետրաժ)
Պարգևներ,մրցանակներ
- Երևանի քաղաքապետարանի «Երևանի Զինանշան» հուշամեդալ (2010)
- ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ (2011)
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)