Manvel Kyumushkanetsi
Quick Facts
Biography
Մանվել (Ստեփանոս) Կյումուշխանեցի, Գյումուղխանեցի (1 հունվարի, 1768, Գյումուշխանե-4 դեկտեմբերի, 1843, Հին Ղրիմ (թաղվել է հայոց Սուրբ Խաչ վանքում)), հայ մատենագիր, եկեղեցական գործիչ։
Կենսագրություն
Մանվել Կյումուշխանեցին ծնվել է Գյումուշխանե քաղաքում (այժմ՝ Թուրքիա): Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կարինում։ Աշակերտել է Ամասիայի առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոս Սեբաստացուն, որի «սրբազնագործ աջովն» էլ 1796 թվականին ձեռնադրվել է աբեղա, ապա՝ վարդապետ։ 1802 թվականին անցել է Ռուսաստան, աշխատել Պետերբուրգում (այժմ՝ Լենինգրադ): Լազարյանների աջակցությամբ և նրանց ջանքերով Ռուսաց ցարը և կառավարությունը հակվել են Դանիել Ա Սուրմառեցու կողմը: 1804 թվականին Եփրեմ արքեպիսկոպոս Ձորագեղցին Մանվել Կյումուշխանեցուն կարգել է Գրիգորիուպոլիս հայաբնակ քաղաքի առաջնորդական հաջորդ: Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո կաթողիկոս է ընտրվել Եփրեմ Ա Ձորագեղցին, ով Մանվել Կյումուշխանեցու հետ ներկայացել է կայսրին: Վերջինս Մանվել Կյումուշխանեցուն պարգևատրել է ադամանդազարդ խաչով:
Վերադառնալով Գրիգորիուպոլիս՝ ՄանվելԿյումուշխանեցին բացել է ուսումնարան, կառուցել առաջնորդարան: Ռուսահայոց թեմի նորընտիր առաջնորդ Հովհաննես արքեպիսկոսպոս Գառնակերյանի հրամանով նշանակվել է Ղրիմի Սուրբ Խաչ վանքի վանահայր՝ գաղթական բուլղարացիների խլած վանքապատկան հողերը հետ վերցնելու հանձնարարականով: Տեղափոխվելով Սուրբ Խաչ վանք՝ բարեկարգել է վանքը, 15 տարի անդուլ պայքարից հետո հետ վերցրել խլված հողերը, Ղարասուբազար քաղաքում դպրոց բացել, 1819 թվականին իր ութ աշակերտներին ուղարկել Մոսկվա՝ Լազարյան ճեմարանում ուսանելու, միաժամանակ ճեմարանին նվիրաբերել 62 ընտիր ձեռագիր մատյան: Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից հետո, 1827 թվականին Ներսես Աշտարակեցու հրավերով մեկնել է Էջմիածին, նշանակվել վանական կառավարության և բարձրագույն խորհրդարանի՝ Սինոդի անդամ, ձեռագրատան տնօրեն, կարգավորել ձեռագրատունը, կորստից փրկել մշակութայինարժեքներ: Սակայն Ներսես Աշտարակեցու «պատվավոր» աքսորից հետո քաշվել է Խոր վիրապի, ապա՝ Սևանի վանքը, մտադրվել ընդմիշտ մնալ Սևանում, այնտեղ հայ առաջադեմ գործիչների հետ հաստատել գիտական միաբանություն, բայց չի կարողացել իրականացնել իր մտադրությունը: Սևանից մեկնել է Թիֆլիս, 1836 թվականին վերադարձել Գրիգորիուպոլիս և Ղրիմ:
Աշխատություններ
Գրել է պատմական («Կշիռ որպիսածանոյց», 1803, «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի և Դաւթի», 1803 «Պատմութիւն անցից անցելոց Սեւանայ վանուց», 1830, հրա. 1871), հուշագրական («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց...», 1830-1839, «Աղէտ գիտելեաց մերոց», 1831), կրոնաբարոյախոսական («Դպրություն մանկանց», աշխարհաբար դասագիրք, 1821, «Լուծ արմատոյն մերոյ», 1832, հրտ. 1841), դավանաբանական («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին», 1836, Նամակ Մխիթարյաններին, 1814) և այլ երկեր, թղթեր, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութ են պարունակում 18-19-րդ դարերի հայ մշակութային, եկեղեցական ու քաղաքական կյանքի, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դրանց ինքնագրերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և այլուր։
Մանվել Կյումուշխանեցին հաճախ հանդես է եկել նաև Շահինյան, Ալթունյան ազգանուններով։
Մահ
Մահացել է Հին Ղրիմում: Թաղված է Սուրբ Խաչ վանքում:
Գրականություն
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան 2002:
- Անձնական պատմութիւն Մանուէլ Կիւմուշխ անացի վարդապետի, Ալթունեանի կամ Շահինովի, «Դիվան Հայոց պատմութեան», գիրք 12, Թ., 1917:
- Շահազիզ Ե., Շահինյան Մանվել ծայրագույն վարդապետ Գյումուշխանեցի, «Էջմիածին»,1946, դ 6–7:
- Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809–1836), Ե., 1967:
- Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 241)։ |