Hripsime Srapyan
Quick Facts
Biography
Հռիփսիմե Կարապետի Սրապյան (1928, դեկտեմբերի 28, Բուրգաս- 2013, ապրիլի 10, Երևան), հայ մանկավարժ, լեզվաբան, իտալերենի մասնագետ։ Պրոֆեսոր:
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մամիկոն Մանուկյանի կինը։
Կենսագրություն
Հռիփսիմե Սրապյանը ծնվել է 1928 թվականին Բուլղարիայի Բուրգաս քաղաքում Կարապետ և Մանիկ Սրապյանների ընտանիքում։ 1946 թվականին ծնողների հետ հայրենադարձել է։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ Ավարտելուց հետո որպես դերասանուհի աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
Մանկավարժական գործունեություն
1961-2004 թվականներին մանկավարժական գործունեություն է ծավալել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որպես իտալերեն լեզվի սկսնակ դասախոս (1961), 2004 թվականին թոշակավորվել է նույն բուհից որպես պրոֆեսոր: 1962-2003 թվականներին միաժամանակ իտալերեն լեզու է դասավանդել Երևանի պետական համալսարանում, եղել է Ռոմանա-գերմանական ֆակուլտետի իտալերեն լեզվի դասախոս, դոցենտ, իտալերեն լեզվի ամբիոնի վարիչ։
Հեղինակ է 13 գիտական աշխատությունների, որոնց թվում խիստ արժեքավոր է հայերենով իտալերեն լեզվի առաջին դասագիրքը:
Մանկավարժական գործունեության ընթացքում աշխատանք է ծավալել իտալերեն լեզվի դասախոսներ և թարգմանիչներ պատրաստելու գործում, կազմակերպել է իտալացի դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսներից հատվածների բեմադրություններ, որտեղ խոսքով, երգ-երաժշտությամբ հանդես են եկել վերոհիշյալ հաստատությունների ուսանողները։
Պարգևներ, մրցանակներ
Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, այդ թվում ԵՊՀ-ի 80-ամյակի կապակցությամբ բարեխիղճ և երկարատև աշխատանքի համար պարգևատրումը, ԵՊՀ-ի ռոմանա-գերմանական բանասիրության ֆակուլտետի 10-ամյակի կապակցությամբ մանկավարժական և կրթական բեղմնավոր աշխատանքի համար պարգևատրումը և այլն։
Հայաստանում իտալերեն լեզվի խթանման և հսկայական ներդրումների համար 2002 թվականին Իտալիայի կառավարությունը՝ որպես Հայաստանում Իտալերեն լեզվի հիմնադիր, նրան պարգևատրել է հատուկ շքանշանով, շնորհելով նաև Իտալիայի պատվավոր քաղաքացու բարձր կոչումը։ Շքանշանը հանձնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Պարոն Տրաբալցան:
Երկեր
- Իտալերենի դասագիրք - 1974
- Տնային ընթերցանության ձեռնարկ - 1978
- Մեթոդական ուղեցույց - 1979
- Իտալերեն-Հայերեն բառարան -1982
- Իտալերենի դասագիրք - 1985
- Լրագրային տեքստերի ձեռնարկ - 1987
- Օտար լեզվի ուսուցման մի քանի հարց - հոդված - 1989
- Քերականական վարժությունների ձեռնարկ - 1991
- Լեզվագիտական բառարան-Իտալերեն - Հայերեն լեզվաբանական տերմինների բառարան, Խմբագրություն/իտալո-ֆրանկո-հայկական զրուցարանի իտալական մասը - 1989
- Թարգմանություններ իտալերենից հայերեն, հեղինակներ՝ Ջանի Ռոդարի, Ալբերտո Մորավիա, Սերաո Մատիլդա և այլն - 1965,1984
- Երկրագիտության ձեռնարկ - 2000-2001
- Իտալերեն - Հայերեն համառոտ բառարան (12000 բառ)- 2002-2003 թթ.
Գրականություն
- Վարսիկ Գրիգորյան, «Մամիկոն Մանուկյան» մենագրություն, Երևան, 2007: