Garegin Hovsepyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարեգին Հովսեփյան (այլ կիրառումներ)
Գարեգին Եղիշեի Հովսեփյան (մայիսի 1, 1914(1914-05-01), Սևքար, Տավուշի մարզ, Հայաստան - օգոստոսի 3, 1993(1993-08-03), Երևան, Հայաստան), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1975)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939 թվականից: ԽՄԿԿ անդամ 1941 թվականից:
Կենսագրություն
Գարեգին Հովսեփյանը ծնվել է 1914 թվականի մայիսի 1-ին, Իջևանի շրջանի Սևքար գյուղում: Սկզբնական կրթությունն ստացել է Սևքարում, հետո սովորել է Դիլիջանում և Ստեփանավանում: 1932 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, 1937 թվականին ավարտել է ԵՊՀ պատմագրական ֆակուլտետը։ 1938-1941 թվականներին սովորել է համալսարանի ասպիրանտուրայում: 1938-1942 թվականներին աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում, 1942 թվականներին, մի քանի ամսով, եղել է «Գրական թերթ»-ի խմբագրի պաշտոնակատար: 1942-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: 1943-1944 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» թերթում որպես կուսակցական և ռազմաճակատային բաժնի վարիչ, 1944-1966 թվականներին՝ Հայպետհրատում (որպես գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ): 1962 թվականին «Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: 1966 թվականից ավագ գիտաշխատող է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հայ պարբերական մամուլի պատմության բաժնում: 1975 թվականին «Չարենցի պոեզիան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
Աշխատությունները վերաբերում են հայ դասական և արդի գրականությանը («Ստեփան Զորյանի ստեղծագործությունը», 1951, «Հովհաննես Հովհաննիսյան․ կյանքը և գործը», 1957, «Նար-Դոս», 1961, «Չարենցի պոեզիան», 1969 և այլն)։
Մահացել է 1993 թվականի օգոստոսի 3-ին Երևանում:
Երկեր
- Ստեփան Զորյանի ստեղծագործությունը (քննադատական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1951, 248 էջ:
- Հովհաննես Հովհաննիսյան. կյանքը և գործը, Երևան, Հայպետհրատ, 1957, 294 էջ:
- Նար-Դոս, Երևան, Հայպետհրատ, 1961, 482 էջ:
- Չարենցի պոեզիան, Երևան, «Հայաստան», 1969, 478 էջ:
- Հմայակ Սիրաս (գրականագիտական ակնարկ), Երևան, «Լույս», 1980, 48 էջ:
Ծանոթագրություններ
Աղբյուր
- Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 4, 2003