Vardges Davtyan
Quick Facts
Biography
Վարդգես Դավթյան(մայիսի 17, 1961, Երևան), հայ հոգեբույժ, արձակագիր, էսսեիստ։ Շուրջ 200 գիտական, գիտահանրամատչելի, ինչպես նաև գեղարվեստական և հրապարակախոսական աշխատությունների հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են Հայաստանում հոգեբուժության և թմրաբուժության պատմության խնդիրներին, սոցիալական և կլինիկական հոգեբուժության, հոգեբուժության և հայ գրականության առնչությունների, քաղաքական հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին:
2000 թվականից ապրում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում։ Կալիֆոռնիայի ամերիկահայ գրողների միության անդամ է։
Կենսագրություն
Վարդգես Դավթյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 17-ին Երևանում՝ մանկավարժ Աշոտ Դավթյանի և մանկաբույժ Սիրան Սարգսյանի ընտանիքում։ 1979-1985 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Նորքի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցում՝ որպես բուժակ: 1985-1987 թվականներին Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա՝ աշակերտելով հոգեբույժ, ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանին:
Հոգեբույժի մասնագիտությունն ընտրելիս Դավթյանի համար կարևոր նշանակություն է ունեցել Անդրանիկ Մեհրաբյանի հետ ծանոթությունն ու համատեղ աշխատանքը: Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Մեհրաբյանի «Եթե հոգեբույժը փիլիսոփա չէ, ապա արհեստավոր է» թեզով։
Գիտական ատենախոսությունը պաշտպանել է 1994 թվականին Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում «Հովհաննես Թումանյանի ստեղծագործության հոգեբանական-հոգեվերլուծական եզրերը» թեմայով, ստացել է բանասիրության թեկնածուի գիտական աստիճան։
2000 թվականից բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Ամուսնացած է, ունի երկու որդի:
Գործունեություն
1987-1991 թվականներին Վարդգես Դավթյանն աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, ապա՝ պրոֆեսորի ասիստենտ: Որպես «Բժշկական հոգեբանություն» դասընթացի դասընթացավար՝ հանդես է եկել բուժական և մանկաբուժական ֆակուլտետներում։
1990-1992 թվականներին Դավթյանը եղել է «Նարեկ» բժշկական հանդեսի հիմնադիր-խմբագիրը։ 1990-1998 թվականներին եղել է Հայաստանի հոգեբույժների և նարկոլոգների ասոցիացիայի վարչության անդամ, «Առողջապահություն» և «Հոգին» հանդեսների խմբագրական խորհրդի անդամ: 1992-2000 թվականներին որպես հոգեբույժ-հոգեթերապևտ աշխատել է Երևանի թիվ 8 բուժմիավորման պոլիկլինիկայում: 1992-1993 թվականներին համատեղությամբ դասախոսել է Երևանի գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանում: 1993-1998 թվականներին համատեղությամբ աշխատել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ, զբաղվել է պետական քարոզչության հոգեբանական ասպեկտների վերլուծության խնդիրներով։
1997-1998 թվականներին «Հայք» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն էր։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Լոս Անջելեսի հեռուստաընկերություններում վարել է «Հոգեբույժը հրավիրում է զրույցի» և «Ցտեսություն, թախիծ» հաղորդաշարերը։
Դավթյանի և նրա գրությունների մասին
- Հայ գրականագետ-քննադատ Սերգեյ Սարինյանը Դավթյանի մասին ասել է․
Հոգեբույժ-հոգեբան Վարդգես Դավթյանի հետ առաջին իսկ հանդիպումին ինձ զարմանք պատճառեց հայ և համաշխարհային գրականության նրա իմացությունը և գրական երևույթների ինքնատիպ ընկալումը: Առիթի բերումով ես նրա ուշադրությունը հրավիրեցի իր մասնագիտությանն առնչվող հետազոտական մի լայնատարած ասպարեզի վրա - գրականության հոգեվերլուծությունը, որը արդի գրականագիտության հիմնական մեթոդներից մեկն է: Որոշ ժամանակ անց Դավթյանը հանդես եկավ հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի մասին մի ուսումնասիրությամբ, որը փաստորեն իսկական իմաստով հոգեվերլուծության առաջին փորձն է հայ գրականագիտության մեջ, միանգամայն նորարարական փորձ, որի համար նրան շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ |
- Անդրադառնալով Դավթյանի «Շողացող ստվերներ» գրքին՝ Գևորգ Քրիստինյանն ասել է․
Վարդգեսի այս գիրքը գալիս է համոզելու, որ մեր օրերի գրողը պարտավոր է հաշվի առնել ժամանակակից ընթերցողի վիճակը, խնայել նրա ժամանակը, հասկանալով, որ համացանցային տեխնիկայի այս շփոթեցնող դարում հակիրճությունը կարող է օգնել ավանդական գրքի գոյատևմանը։ |
- Դավթյանի հոգեբուժության ձեռնարկի մասին հոգեբույժ Կոնստանտին Դանիելյանն ասել է․
Պարզապես աններելի է, որ մինչև օրս մեզանում մայրենի լեզվով չէր գրված համապարփակ մի աշխատություն կամ ձեռնարկ, նվիրված հոգեբուժությանն ընդհանրապես, և նրա բարդ ու հրատապ հիմնահարցերի քննախոսությանը մասնավորապես: Այս առումով պրակտիկ բժիշկ, հոգեբույժ Վարդգես Դավթյանի հոգեբուժական ձեռնարկի լույսընծայումը արժանի է ամենաբարձր գնահատականի։ |
- Էդուարդ Շահվերդյանը, որը զբաղվում է Դավթյանի ստեղծագործությունների հանրայնացմամբ, այսպես է արտահայտվել․
Վարդգես Դավթյանի ստեղծագործությունները աչքի են ընկնում փոքր ծավալով և մեծ խորքայնությամբ։ Նրա հերոսը մարդն է, սովորական հայ մարդը, որն ապրում է Հայաստանում կամ Ամերիկայում՝ իր խնդիրներով ու հույզերով։ |
- Հայ փիլիսոփա Գևորգ Խրլոպյանը, խոսելով Դավթյանի ստեղծագործությունների մասին, նշել է․
Վարդգես Դավթյանը իր մասնագիտությանն ու ազգին նվիրված գիտնական է: Նա մասնագիտական բծախնդրությամբ ձգտում է նորագաղթ ամերիկահայությանը օգնել իր դժվարությունները հաղթահարելու գործում։ |
- Գրականագետ Անի Փաշայանը նշել է․
Գրականության ամենակարևոր խնդիրներից մեկը ժամանակակից մարդուն պատկերելն է: Հարյուրավոր մարդկանցից ընտրել, առանձնացնել նրանց, ովքեր գրողի համար կարևորվում են այնքան, որ անհրաժեշտություն է առաջանում «ավելի հայտնիացնել»՝ գրական կերպար դարձնելով: Այսպիսի հնարանքը միշտ չէ, որ հաջողվում է: Վարդգես Դավթյանին դա հաջողվել է: Նրա հոգեբանական նովելները, արտասովոր վերնագրերով, միշտ կկարդացվեն հափշտակությամբ, որովհետև գրված են ժամանակի խնայողությամբ և ընթերցողին սիրելու պատրաստակամությամբ։ |
- Դավթյանի ստեղծագործություններին է անդրադարձել նաև գրաքննադատ Քրեյգ Լեդուն (անգլ.՝ Craig Ledoux)՝ նշելով․
Վարդգես Դավթյանի «Ես Ջեկն եմ : Տաքսիստ Ջեկը» պատմվածաշարի տարօրինակ հմայիչ հերոսը․․․ (անգլ.՝ The oddly charming protagonist of Vardges Davtyan’s “I’m Jack. Jack in the Cab (A Collection of Notes)”): |
Մատենագրություն
- Անդրանիկ Մեհրաբյան, Երևան, 1988
- Հոգեբույժը հրավիրում է զրույցի, Երևան, 1992
- Հոգեբուժություն (գիրք 1-ին), Երևան, 1992
- Մտավորականը և նևրոզը, Երևան, 1994
- Հայերը և ալկոհոլը, Երևան, 1994
- Ինչու խելագարվեց Անուշը (խելահեղության թումանյանական ըմբռնումը), Երևան, 1994
- Թումանյանի ստեղծագործության հոգեբուժիչ արժեքը, Երևան, 1995
- Տունը հրաբխի վրա, Երևան, 1996
- Առասպելի և իրականի սահմանագծին, Երևան, 1996
- Կանգնեցրեք աշխարհը, ես ուզում եմ իջնել, Լոս Անջելես, 2002
- Ամերիկահայ տղամարդկանց պերճանքն ու թշվառությունը, Լոս Անջելես, 2004
- Վիշապին հաղթողը (Ինչպես ազատվել դեպրեսիայի կապանքներից), մաս 1-ին և 2-րդ, Լոս Անջելես, 2005
- Զայրացած հայուհիներ (իրական պատմություն), Լոս Անջելես, 2005
- Լեգիտիմ կատակներ լրջանալու պահին, Լոս Անջելես, 2012
- Շողացող ստվերներ, Լոս Անջելես, 2015
- Մտորումներ թամբի վրա, Լոս Անջելես, 2016
- Կնքամայրը, Լոս Անջելես, 2017
- Հեքիաթներ Ամերիկայի մասին, Լոս Անջելես, 2017
Անգլալեզու հրատարակումներ
- Vardges Davtyan, On the one aspect of generalized anxiety (Actapsychiatrica Scandinavica, 1998, 98 (Suppl.393); Munksdard, 1998, p.30.
- Vardges Davtyan, I'm Jack. Jack in the Cab (A Collection of Notes) - Eleven,eleven (A Journal of Literature & Art), Issue 23, San Francisco, 2017, p.215-220.
Ծանոթագրություններ
- ↑ Հ.Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Դ, Երևան, 2009, էջ 63-66
- ↑ «Անժառանգ առաքյալը․․․» Վարդգես Դավթյան
- ↑ Վ.Դավթյան, Լեգիտիմ կատակներ լեջանալու պահին, Լոս Անջելես, 2012
- ↑ Վարդգես Դավթյան, Շողացող Ստվերներ կամ առջևում պրեմիերան է, Լոս Անջելես, 2015
- ↑ Վ. Դավթյան, Հոգեբուժություն (գիրք 1-ին), Երևան, 1992, էջ 5
- ↑ http://www.7or.am/am/news/view/147011/
- ↑ Վ. Դավթյան, Կանգնեցրեք աշխարհը, ես ուզում եմ իջնել, Լոս Անջելես, 2002
- ↑ «Ազգ» օրաթերթ, 24 նոյեմբեր 2018, Անի Փաշայան, Վարդգես Դավթյանի կենսունակ պատումը
- ↑ Eleven Eleven - 2017