Vahan Badasyan
Quick Facts
Biography
Վահան Միքայելի Բադասյան (հունիսի 2, 1968(1968-06-02)), հայ ռազմական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր 2010 թ.-ից, Միացյալ Հայաստան կուսակցության առաջնորդ։
Կենսագրություն
Ծնվել է 1968 թ. հունիսի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղում։ Արցախյան պատերազմի ժամանակ դարձել է գումարտակի հրամանատար, պատերազմի ավարտից հետո եղել է Հադրութի վարչակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար։ 1995 թ. հրաժարական է տվել։ 1996-1999 թթ. նախաձեռնել և լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գյուղը, որն ամբողջովին ավերվել էր պատերազմի սկզբին։ 1999-2001 թթ. աշխատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010 թ.-ից ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում համամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր։ 2001 թ-ից առ այսօր զբաղվում է հողագործությամբ։ Ամուսնացած է, ունի չորս զավակ։
Կրթություն
Ավարտել է Խանձաձորի ութամյա, ապա՝ Հայաստանի Ղափան քաղաքի թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 2001 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պետական պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։
Ռազմական գործունեությունը
1986-1988 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1988- ի մայիսին հիմնել է Հադրութի պարտիզանական ջոկատը, ուը 1992-ին ընդգրկվել է Հադրութի պաշտպանական շրջանի Սարինշենի վաշտում, ապա՝ Սարինշենի 1-ին գումարտակում։ 1993 թվականին նշանակվել է գումարտակի հրամանատար։ 1991-94 թթ-ին մասնակցել է Մարտակերտի (Ներրին Հոռաթաղ, Մարտակերտ), Հադրութի (Խանձաձոր, Ծամձու, Սարինշեն, Տող, Արեշատ, Պլեթանց, Մելիքաշեն, Այգեստան, Նորաշեն, Ջրաբերդ, Խծաբերդ, Հին Թաղլար), Ֆիզուլիի (Սեյիդահմեդլի) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական, Սուլթանլու-Զանգելան-Մինջեան և Բոյուք Բահմանլու ճակատում մղվող մարտերին։
1994 թ. վիրավորվել է։
Քաղաքական գործունեություն
Պատերազմի ավարտից հետո, 1994 թ. նշանակվել է ԼՂՀ Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ։ 1995 թ. նշանակվել է Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար և նույն թվականին հրաժարական տվել։ Այնուհետև՝ 1996-1999 թթ. նախաձեռնել և լիովին վերականգնել է հայրենի Խանձաձոր գյուղը, որն ամբողջովին ավերվել էր պատերազմի սկզբին։ 1999-2001 թթ. աշխատել է Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար։ 2010 թ. մայիսի 23-ի ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընտրվել է պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ընտրացուցակով և դարձել ԼՂՀ Ազգային ժողովի "Դաշնակցություն" խմբակցության անդամ։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, ինչի համար հեռացվել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից և "Դաշնակցություն" խմբակցությունից։ 2012 թ.-ից առ այսօր անկախ պատգամավոր է, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2013 թ. փետրվարի 28-ին Վահան Բադասյանը ելույթ է ունեցել Ազատության հրապարակում ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքում, որտեղ, որպես ԼՂՀ ԱԺ պատգամավոր, իր աջակցությունը հայտնեց իր իրավունքների համար պայքարող ժողովրդին։2012 թ. ԼՂՀ նախագահի ընտրություններից հետո Վահան Բադասյանը մասնակցել է «Սահմանադրական Արցախ» քաղաքացիական շարժման ստեղծմանը։ Շարժումը ստեղծվել էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և նրա համախոհների մասնակցությամբ։ Բացի Բալասանյանից և Բադասյանից նախաձեռնող խմբի մեջ էին նաև Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, Գրիգորի Հայրապետյանը՝ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր։ 2012 թ. սեպտեմբերի 9-ին տարածված հայտարարության մեջ քաղաքացիական շարժման նախաձեռնողները հայտնում էին, որ իշխանության համար պայքարը «Սահմանադրական Արցախի» նպատակների մեջ չի մտնում։
2014 թ.-ի գարնանը Քեսաբյան իրադարձություների ժամանակ Վահան Բադասյանը առաջարկել էր ստեղծել ՀՀ քաղաքացիներից և արցախահայերից կազմված պաշտպանական ջոկատներ և մեկնել Սիրիա քեսաբահայությանը օգնության ձեռք մեկնելու համար։ Հետագայում նաև ինքն է փոքրիկ խմբով մեկնել Քեսաբ, սակայն ինչ գործունեություն է ծավալել Սիրիայում պաշտոնական տեղեկություններ չկան։