Nune Avetisyan
Quick Facts
Biography
Նունե Վաղարշակի Ավետիսյան (նոյեմբերի 5, 1960(1960-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ասմունքող, հաղորդավարուհի:
Ժողովրդական երգիչ Վաղարշակ Սահակյանի և ասմունքող Սիրվարդ Մեսրոպյանի դուստրն է:
Կենսագրություն
Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանում: 1966-1976 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցում: 1977-1981 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1981 թվականին արժանացել է Սանկտ Պետերբուրգի Յախոնտովի անվան ասմունքողների մրցույթի առաջին դափնեկրի կոչման: 23 տարեկանում նրան նկատել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառի հրավերով Վեհարանում կազմակերպված ցերեկույթին կարդացել է արևմտահայ բանաստեղծների մի քանի ստեղծագործություն: 1986-1988 թվականներին սովորել է Մոսկվայի Օստանկինոյի լրագրողների և հեռուստատեսության ռեժիսուրայի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: 1980-ական թվականներին աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական խմբագրությունում:
1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: 1992 թվականից աշխատել է Հայ-թելե-ռադիոյում որպես հաղորդավար: 1997 թվականին ամուսնու՝ Սողոմոն Ավետիսյանի հետ ստեղծել է «Բարև» հեռուստածրագիրը: Բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել հայ և օտարազգի նշանավոր քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ: Գրական-մշակութային հոդվածներով պարբերաբար հանդես է եկել «Համայնապատկեր», «Նոր օր», «Ասպարեզ» հանդեսներում: 2004 թվականին հրատարակել է «Վաղարշակ Սահակյան և Սիրվարդ Մեսրոպյան» ժողովածուն: 2018 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «Բարև» մշակութային կենտրոնը և Նունե Ավետիսյանի անվան ասմունքի դպրոցը:
Թողարկել է շուրջ 15 խտասալիկ, որոնցում ներառված են դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ: Ելույթներ է ունեցել Հայաստանում, Բոստոնում, Չիկագոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում և ԱՄՆ հայաշատ բազմաթիվ համայնքներում: Բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններ է իրականացրել արցախյան հերոսամարտի մասնակից զինվորների և վետերանների համար:
Պարգևատրվել է ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Գլենդելի քաղաքապետարանի պատվոգրերով:
Թատրոն
- Վիկտոր Ռոզով - Երջանկություն որոնելիս - Տանյա / ռեժ.՝ Հ. Աշուղյան
- Էդուարդո դը Ֆիլիպո - Ծննդյան տոները Սինյոր Կուպելոյի տանը - Դոննա Կարմե/ ռեժ.՝ Զ. Տատինցյան
- Էժեն Լաբիշ - Միզանտրոպ - Պրյունետա / ռեժ.՝ Զ. Տատինցյան
Հեռուստաթատրոն
Զ. Սկարնաչչի, Ռ. Տարաբուզի - Հասարակության ծաղիկ Սինյոր Պապագատտո - Ֆյորելլա / ռեժ.՝ Ա. Աղայանց
Ծանոթագրություններ
- ↑ «Նունե Ավետիսյանի խիզախումը. «Բարև» ազգապահպան հեռուստահաղորդումը 20 տարեկան է»։ hratap.am
- ↑ «Գլենդելում բացվեց «Բարև» մշակութային կենտրոնը»։ asekose.am
- ↑ «Հայպոեզիայիյուրօրինակ հրավառություն | Գրական Թերթ»։ www.grakantert.am
- ↑ «Խոսքի ժամանակը դեռ գալու է. Նունե Ավետիսյանի ասմունքի երեկոն»
- ↑ «Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ` ԱՄՆ-ի տարբեր քաղաքաներում»։ www.7or.am
- ↑ «Նունե Ավետիսյանը բարեգործական համերգներով կլինի Հայաստանում և Արցախում (ֆոտո)»
- ↑ Հասարակության ծաղիկ սինյոր Պապագատտոն, https://www.youtube.com/watch?v=sGpx_IjBmN0&t=22s
Արտաքին հղումներ
- Գրիգոր Նարեկացի - «Մատյան ողբերգության»: Կարդում է Նունե Ավետիսյանը
- Հովհաննես Շիրազ - «Հայոց Դանթեական»: Կարդում է Նունե Ավետիսյանը
- Նունե Ավետիսյանի ելույթը Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված գալա համերգին
- Նունե Ավետիսյանի ելույթը Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 72-ամյակին նվիրված գալա համերգին
- Հայաստանը և Սփյուռքը պետք է միասին լինեն. հարցազրույց Նունե Ավետիսյանի հետ