Nadezhda Papayan
Quick Facts
Biography
Նադեժդա Համբարձումի Պապայան (մարտի 21, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:21|2|0}}), Աստրախան, Ռուսական կայսրություն - հունվարի 19 (փետրվարի 1), 1906, Աստրախան, Ռուսական կայսրություն), հայ երգչուհի (կոլորատուրային սոպրանո)։
Կենսագրություն
1886 թվականին ավարտել է Աստրախանի գիմնազիան։ 1886-1890 թվականներն սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (Վ․ Ի․ Ռաաբի դասարան), բեմական արվեստն ուսումնասիրել Ս․ Գաբելի օպերային դասարանում (առաջին դերերգը՝ 1888 թվականի դեկտեմբերի 18-ին, Նատալյա՝ Չայկովսկու «Օպրիչնիկ»-ում)։
1890 թվականի ամռանը ձայնը վերականգնելու համար մեկնել է Միլան, դասեր առել Ջ․ Վիլլա-Ֆիորիտայի ստուդիայում։ Ներկա լինելով «Լա Սկալա»-ի ներկայացումներին, մոտիկից ծանոթացել է իտալական վոկալ արվեստի, հատկապես բելկանտոյի գաղտնիքներին։
Նադեժդա Պապայանը 1891 թվականից, պարապմունքներին զուգընթաց, հանդես է եկել Նեապոլի «Սան Կարլո», ապա և Միլանի «Ալհամբրա» օպերային թատրոններում։ 1893 թվականին վերադարձել է Անդրկովկաս, համերգային ելույթներ ունեցել Բ. Ասիրջանյանի հետ։
Դերեր, համերգներ
Պապայանը օժտված է եղել մեծ ձայնածավալի գեղեցիկ տեմբրի ձայնով, երգել է զմայլող երաժշտականությամբ և ջերմորեն։ 1893-1894 թվականներին Պապայանը հանդես է եկել Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում, Գունոյի «Ֆաուստ» (առաջին բեմելը 1893 թվականի սեպտեմբերի 29-ին, 20-ամյա Ֆ․ Շալյապին-Մեֆիստոֆելի մասնակցությամբ), Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», Բիզեի «Կարմեն», Մեյերբերի «Հուգենոտներ», Թոմայի «Մինյոն», Մասկանիի «Գեղջկական պատիվ», Պուչչինիի «Պայացներ», Չայկովսկու «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա», Դարգոմիժսկու «Ջրահարս», Ռուբինշտեյնի «Դև» և այլ օպերաներում, ելույթ ունեցել մենահամերգով, մասնակցել բարեգործական երեկույթների, Դոնի Ռոստովում և Տագանրոգում՝ 10 ներկայացումների, ապա մեկնել Փարիզ և (մինչև 1896 թվականը) կատարելագործվել Մ. Մարկեզիի վոկալ ստուդիայում։
1897-1898 թվականներին Թիֆլիսի օպերային թատրոնի թատերաշրջաններն ավարտելուց հետո Փարիզում մասնակցել է Մարկեզիի ստուդիայի կազմակերպած ցուցադրական համերգներին ու ներկայացումներին, ապա երգիչ Լ. Եղիազարյանի հետ Անգլիայում հանդես եկել համերգներով։ 1899 թվականին հրավիրվել է Պետերբուրգի «Արկադիա» թատրոնի հյուրախաղային ներկայացումներին, Պավլովսկի ամառային համերգասրահում հանդես եկել մենահամերգով։
1900-1904 թվականներին երգել է Մարիինյան թատրոնում (բեմելը 1900 թվականի ապրիլի 25-ին Լիզայի դերերգով, Չայկովսկու «Պիկովայա դամա»-ում), կատարել գլխավոր դերերգեր, դրանց թվում նաև առաջին անգամ բեմադրված օպերաներում Մարֆա, Սերվիլիա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», «Սերվիլիա»), Սուսաննա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը») և այլն։ Այդ տարիներին Պապայանը հանդես է եկել նաև Մոսկվայում, Թիֆլիսի օպերային թատրոնում, մասնակցել նրա հյուրախաղային ներկայացումներին (Խարկով, Կիև և Օդեսա, 1901), Պետերբուրգում՝ հայկական երեկույթին (1901), ֆիլհարմոնիկ ընկերության 100-ամյակին նվիրված համերգին (1902), ուր Ա․ Նիկիշի ղեկավարությամբ կատարվել է Բեթհովենի «Հանդիսավոր մեսսան»։
Պապայանը հանդես է եկել ավելի քան 50 օպերային գլխավոր դերերում, որոնք կատարել է մեծագույն հաջողությամբ։
Պապայանը հայ առաջին օպերային մեծ երգչուհին էր։
Մահ
1904 թվականի գարնանը Պապայանը վերադարձել է Թիֆլիս, մասնակցել օպերային ներկայացումների, ապա մեկնել Փարիզ, «Օպերա-կոմիկ»-ի հետ պայմանավորվել նոր թատերաշրջանում այնտեղ աշխատելու մասին։ 1905 թվականի դեկտեմբերի 30-ին Աստրախանում չարագործները կողոպտելու նպատակով մտել են Պապայանի բնակարանը, սպանել հորը, մահացու վիրավորել երգչուհուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 130)։ |