Levon Mutafyan
Quick Facts
Biography
Լևոն Մութաֆյան (հոկտեմբերի 7, 1954, Նիժնի Տագիլ, ՌՍՖՍՀ - նոյեմբերի 11, 2015, Երևան), հայ թատերագետ, թատերագիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ։
Կենսագրություն
Լևոն Մութաֆյանը ծնվել է Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում։ Ավարտել է Հայաստանի թատերական գործիչների միության Կիրովականի բաժանմունքին կից դրամատիկական ստուդիան։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։
Աշխատանք
Թատրոն
Աշխատել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական, Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես գլխավոր բեմադրիչի օգնական և գրական մասի վարիչ, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում` որպես տնօրենի տեղակալ և գրական մասի վարիչ, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի դրամատիկական հաղորդումների խմբագրությունում` որպես ավագ խմբագիր։
Ուսումնական հաստատություններ
Գյումրիի «Բալատոն» վարժարանում՝ որպես տնօրենի տեղակալ, Գյումրիի քաղաքապետի խորհրդական, «Շիրակ» գրական-գեղարվեստական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, ՀՀ Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ, Գյումրիի թիվ 1 վարժարանի տնօրեն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ։ 1984 թվականից դասախոսական աշխատանք է կատարել հայաստանյան բուհերում՝ Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական, Գյումրիի Նալբանդյանի անվան պետական մանկավարժական, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտներում, Հայաստանի «Բաց», Հյուսիսային, «Պրոգրես» համալսարաններում։
Դասախոսություններ է կարդացել Ստամբուլի, Բեյրութի և Հալեպի համալսարաններում։
Գրական գործունեություն
Աշխատանքները վերաբերում են արդի թատրոնի խնդիրներին: Գրել է «Ուրախ ճամփորդություն», «Աղավնին», «Օրորցային երկուսի համար» պիեսները, որոնք բեմադրվել են տարբեր թատրոններում։ Հայերեն է թարգմանել Անտոն Չեխովի, Գարսիա Լորկայի, Մյուսեի, Միխայիլ Բուլգակովի, Գոլդմանի, Մաքսիմ Գորկու, Պտուշկինայի, Կունիի, Պավլովսկու պիեսները։ Հեղինակել է տպագրված 25 գիրք, գրել է առաջաբաններ, հրատարակել 20 գիտական հոդված։
Հասարակական գործունեություն
Եղել է Հայկական հանրագիտարանի արվեստի գիտաճյուղային խորհրդի, Թատերական քննադատների համաշխարհային ասոցիացիայի նախագահության անդամ։ 2007 թվականին ընտրվել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղար։ Արժանացել է նաև «Արտիստ» մրցանակի։ Եղել է Հայաստանի գրողների և թատերական գործիչների միությունների, Ազգային թատերական ստեղծագործական միավորման, ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, Աղասի Այվազյանի անվան թատերական փառատոնի ժյուրիի նախագահը։
Մահ
Մահացել է 2015 թվականի նոյեմբերի 11-ին Երևանի «Աստորիա» հյուրանոցում։
Պարգևներ և կոչումներ
Պարգևատրվել է «Գրական վաստակի համար» մեդալով։ Ընտրվել է Բնության մասին միջազգային ակադեմիայի ակադեմիկոս։ 2013-2014 թվականներին եղել է «Թատրոն Իքս» թատերական փառատոնի մասնագիտական խորհրդի անդամ։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2015 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության ոսկե մեդալի։
Երկեր
- Վոլոդյա Գրիգորյան, Երևան, 1981:
- Մայիս Ռաֆայելյան, Երևան, 1993:
- Խաղ՝ ըստ Արման Վարդանյան, Երևան, 1999:
- Արման Վարդանյանի աշխարհը, Երևան, 2000:
- Պիտեր Բրուկ, Երևան, 2003:
- Հրաչյա Ղափլանյան, Երևան, 2003:
- Արմեն Խանդիկյանի թատրոնը, Երևան, 2006:
- Ռոզա Մխիթարյան, Երևան, 2009:
Ծանոթագրություններ
- ↑ Մահացել է Լևոն Մութաֆյանը
- ↑ Ինչ հանգամանքներում է մահացել Լևոն Մութաֆյանը
- ↑ Հայաստանի գրողների միության տեղեկատու հասցեագիրք, Երևան, 2009։
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը կնվիրվի Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90 ամյակին
- ↑ «Այվազյանական» փառատոն
- ↑ «Պարզվել է Լևոն Մութաֆյանի մահվան պատճառը»։ newsarmenia.am։ Վերցված է 2019-09-30
- ↑ Լևոն Մութաֆյան