Kamo Sargsyan
Quick Facts
Biography
Կամո Մնացականի Սարգսյան (1922, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):
Կենսագրություն
Կամո Սարգսյանը ծնվել է 1922 թվականին, Թբիլիսի քաղաքում։ Հետագայում տեղափոխվել է Ապարանի շրջանի Արագած գյուղը։ Միջնակարգ դպրոցն ավարտել է 1940 թվականին և անցել ուսուցչական աշխատանքի։ 1941 թվականի դեկտեմբերին մեկնել է բանակ և ծառայել մինչև 1946 թվականը։
Սարգսյանը 89-րդ հայկական դիվիզիայի 390-րդ գնդում եղել է հակատանկային նշանառու, երբ դիվիզիան ազատագրել է Մոզդոկ և Մալգոբեկ քաղաքները։ 1943 թվականի հունվարին ծառայել է 157-րդ հատուկ հրաձգային բրիգադում որպես հակատանկային հրանոթի հաշվարկի նշանառու։ 1943 թվականի մայիսին, երբ կռվել է Կրասնոդարի արվարձաններում, վիրավորվել է և բուժվելուց հետո, հուլիսին, նշանակվել 107-րդ սևծովյան դեսանտային հատուկ հրաձգային բրիգադում՝ 76 միլիմետրանոց հրանոթի հրամանատար։ Բրիգադի շարքերում դեսանտ է իջել Մալայա զեմլյայում, մասնակցել Նովոռոսիյսկի ազատագրմանը, ծառայել 117-րդ հրաձգային դիվիզիայի 119-րդ հակատանկային դիվիզիոնում։ Նրանց զորամասը Թամանի թերակղզին ազատագրելուց հետո տեղափոխվել է 1-ին Ուկրաինական ռազմաճակատ, կռվել Կիևի ուղղությամբ։ 1944 թվականին Սարգսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Նրանց զորամասը ազատագրել է Տերնոպոլ, Բրոդի քաղաքները և մտել է Լեհաստան։ Շարունակելով հարձակողական մարտերը, 117-րդ գվարդիական դիվիզիան ազատագրել է Պերեմիշելը։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ 1944 թվականի օգոստոսին դիվիզիան մարտերով անցել է Վիսլա գետը և գրավել Սանդոմիրյան պլացդարմը։ 1945 թվականի փետրվարին Վրոցլավ քաղաքի հյուսիս-արևմտյան շրջանում թշնամու պաշտպանությունը ճեղքելու և Օդերի անցման ժամանակ արժանացել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանի։ 1945 թվականի փետրվարին ավագ սերժանտ Սարգսյանը մասնակցել է գերմանական Շպրոտաու և Զարաու քաղաքների գրավմանը, իսկ ապրիլի 19-ին Նեյսե գետի անցմանը, որի ժամանակ վիրավորվել է, բայց մնացել է շարքերում։ Մայիսի 2-ին, Բեռլինից հարավ-արևմուտք ֆաշիստական զորախմբի ջախջախումն ավարտելուց հետո նրանց զորամասը շարժվել է դեպի Չեխոսլովակիա։ Սարգսյանը հաղթանակը տոնել է Պրագայում։
1946 թվականին զորացրվել է և անցել մանկավարժական աշխատանքի։ Ուսուցիչ է աշխատել Ապարանի շրջանի Արագածի միջնակարգ դպրոցում։
Պարգևներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշան