Gevorg Tosunyan
Quick Facts
Biography
Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյան (1934, մարտի 8 - 2018, հունվարի 7), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, մի քանի տասնյակ գրքերի հեղինակ։
Կենսագրություն
Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյանը ծնվել է 1934 թվականի մարտի 8-ին, Ջավախք գավառի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղում՝ հողագործի ընտանիքում: Տեղի ութամյա դպրոցը գերազանց առաջադիմությամբ վերջացնելուց հետո կարմիր դիպլոմով ավարտել է Ախալքալաքի մանկավարժական ուսումնարանը և ապա Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական բաժինը: 1954-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Ինստիտուտն ավարտելուց հետո, այն է՝ 1962-1966 թվականներին հայոց լեզու և գրականություն է դասավանդել Հայաստանի Սպիտակի շրջանի Լուսաղբյուր գյուղի միջնակարգ և Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի ութամյադպրոցներում:
Ակադեմիկոս Արարատ Ղարիբյանի հրավերով 1966թվականին աշխատանքի է անցելՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում՝նախ ակադեմիայի նախագահությանը կից համաբարբառի բաժնում, իսկ 1978 թվականից սկսած՝ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում. սկզբում եղել է կրտսեր գիտաշխատակից, այնուհետև՝ բաժնի վարիչ առաջատար գիտաշխատակցի հաստիքով: Լեզվի ինստիտուտից աշխատանքից ազատվել է 2008 թվականին, երբ Երուսաղեմի հայոց միաբանության կողմից հրավեր է ստացել պաշտոնավարելու Ժառանգավորաց վարժարանում: Համատեղության կարգով 1985-1991 ուսումնական տարիներին միաժամանակ գրաբար է դասավանդելԽրիմյան Հայրիկի անվան N 10 թեքումով դպրոցում, 1991-1994 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում,1991-1994, 2000-2006 թվականներին՝ մանկավարժական ինստիտուտում և տարբեր մասնավոր (Մովսես Խորենացի, Հրաչյա Աճառյան, Վիլյամ Սարոյան)բուհերում,իսկ 1995-1998, 2006-2012 ուսումնական տարիներին եղել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի գրաբարի ու հայոց լեզվի պատմության դասախոսը:
Պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ և ստացելնախ բանասիրական գիտությունների թեկնածուի և ապա՝ դոկտորի գիտական աստիճանները:
Գ. Թոսունյանն ունի երեք զավակ, յոթ թոռ, հինգ ծոռ:
Աշխատություններ
Գևորգ (Ժորա) Բաբկենի Թոսունյանը հրատարակել է «Գրաբարի նախադրությունները (5-11–րդ դարեր)», «Գրաբարի բառարանագրությունը»մենագրությունները, գրաբարի բուհական դասագիրքը (հեղինակակից՝ Լ. Խաչատրյան), մեր դասական հեղինակների ասույթները սկզբից մինչև մեր օրերը (երեք գիրք), կազմել է բնագրային համաբարբառներ (Եզնիկ Կողբացի, Գր. Նարեկացի, Մ. Ուռհայեցի): Գրաբարից աշխարհաբար է թարգմանել Հովհ. Դրասխանակերտցու և Վարդան Արևելցու պատմությունները, Ալիշանի «Արցախը և Ուտիքը», Հովհան Դարդելի «Ժամանակագրությունը», Մսեր Գրիգորյանցի «Հաւատոյ հանգանակը», «Հայոց նոր վկաները», արևմտահայերենից արևելահայերենի է վերածել՝ գերմաներեն բնագրի հետ համեմատելով, Յոհաննես Լեփսիուսի «Հայ ժողովրդի ջարդերը» գիրքը, կրոնական բնույթի գրքեր է թարգմանել նաև ռուսերենից հայերեն: Գրաբարի և հայոց լեզվի պատմության վերաբերյալ «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր», «Բանբեր Երևանի համալսարանի», «Էջմիածին», «Մայրենի», «Սովետական Հայաստան», «Լեզու և լեզվաբանություն», հանդեսներում, Վիեննայի «Հանդէս ամսօրեայ», Երուսաղեմի «Սիոն» պարբերականներումհրատարակել է ավելի քան երկու հարյուր հոդված: Լաբորանտներ Վ. Առուստամյանի և Գ. Բաղդասարյանի հետ կազմել և 1990 թվին ավարտել է գրաբարի ընդարձակ հանգաբառարանը, իսկ գիտաշխատակիցներ Լ. Սահինյանի և Ա. Սահակյանի հետ՝ ժամանակակից հայերենի բառազուգորդումների բառարանը (2007 թ.), որոնք դեռ անտիպ են: Մեծ եղեռնի 100–ամյակի կապակցությամբ կազմել և հրատարակել է Մեծ եղեռնին զոհ գնացած արևմտահայ բանաստեղծների չափածոյի փոքրիկ ընտրանին՝ «Սարսուռներ» վերնագրով:Խմբագրել է ավելի քան 500 մամուլ աշխատանք՝ համաբարբառներ, շարականների ժողովածուներ, գրաբարի բառարաններ՝դասագրքեր՝ գիտական աշխատություններ և այլն: Այժմ մասնակցում է Աստվածաշնչի համառոտ բառարանի կազմման աշխատանքներին:
Պարգևներ, մրցանակներ
Գ. Թոսունյանն իր բարեխիղճ աշխատանքի համար 1970 թվականին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է«Աշխատանքային արիության համար», իսկ 1987 թվականին ԽՍՀՄ Գերագուն խորհրդի կողմից՝ «Աշխատանքի վետերան» մեդալներով: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը 1981 թվականին նրան շնորհել է «Գովեստագիր», իսկ 2003 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը՝«Պատվոգիր»:
Ծանոթագրություններ
- ↑ «Մահացել է լեզվաբան Գևորգ Թոսունյանը»
- ↑ «AV Production - Գևորգ Թոսունյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-01-04
- ↑ Թոսունյան Գեւորգ Բաբկենի (2006)։ Գրաբարի բառարանագրությունը (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789994111695 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)