peoplepill id: gabriel-khachatryan
GK
3 views today
3 views this week
Gabriel Khachatryan

Gabriel Khachatryan

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գաբրիել Սամսոնի Խաչատրյան (դեկտեմբերի 16, 1924(1924-12-16) - 1997), Հայ բժիշկ-գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ԽՍՀՄ Համամիութենական նեյրոխորհրդի անդամ։

Կենսագրություն

Ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 16-ին Գորիսի շնջանի Բռուն(այժմ՝ Ակներ) գյուղում, գյուղացու ընտանիքում։ Ծնողները հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ և գյուղում կոլտնտեսության ստեղծումից հետո անդամագրվել էին կոլտնտեսությանը՝ շարունակել իրենց գործը անասնապահության մեջ։ Ապագա գիտնականը տարրական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև ուսումը շարունակել Վերիշենում։ Յոթնամյակը ավարտելուց հետո ընդունվում է Գորիսի մանկավարժական ուսումնարանը։ Ուսումնառության տարիներին աչքի է ընկնում որպես պարտաճանաչ, կարգապահ ու գերազանց սովորող։

1940 թվականին ուսումնարանը հաջողությամբ ավարտելուց հետո շրջանի Ազատաշեն և Ձորաշեն գյուղերում աշխատում է որպես մաթեմաթիկայի ուսուցիչ։ Նորավարտ ուսուցիչը, չնայած տարիքին և անփորձությանը, վայելում էր մանկավարժական կոլեկտիվի և աշակերտների համակրանքը։ Այդ վերաբերմունքին նա արժանացել էր իր տարիքի համեմատ՝ ծավալուն գիտելիքիների ու մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 18 տարին դեռ չբոլորած ուսուցիչը 1942 թվականին դիմում է Գորիսի շրջանային զինվորական կոմիսարիատ և կամավոր մեկնում բանակ՝ կատարելուվ հայրենիքի նկատմամբ իր պարտքը։ Մինչև 1942 թվականի վերջը նա ծառայում է ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի զորքերի  թիվ 26-րդ դիվիզիայում, որը տեղակայված էր Պենզայի մարզում, այնուհետև՝ նույն դիվիզիայի կազմում՝ ճակատային գոտու Մոսկվա-Դոնբաս ուղղությամբ երկաթուղային կայարաններում ՝ ՈՒզլովայա, Ելեց և այլն։ Նա վաշտի կազմում աչքի էր ընկել օրինակելի ծառայությամբ և բազմիցս նշանակվել երկաթուղային կայարանների պահպանման ու պաշպանության, ինչպես նաև հատուկ նշանակության փոխադրաբեռը ռազմաճակատ տեղափոխելուն ուղեկցող պահակախմբի ավագ։ Հաճախ այդ աշխատանքները կատարվում էին թշնամու ռազմական ինքնաթիռների ռմբակոծության պայմաններում։

1943 թվականի գարնանը Գաբրիել Խաչատրյանը գործուղվում է դիվիզիայի սերժանտական կազմի դպրոցում սովորելու։ Այստեղ ևս նա աչքի է ընկնում և դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո նշանակվում նույն դպրոցի ջոկի հրամանատար։ Հատուկ ցուցումով այստեղ մասնակցում է կարևոր օպերատիվ աշխատանքի։ 1944 թվականին հրամանատարությունը հաշվի առնելով նրա ծառայությունները և անձնական մի շարք հատկություններ, նրան գործուղում է Օրջոնիկիզեի երկամյա սահմանապահական ուսումնարանում  սովորելու։ Ուսումնառության տարիներին նա միաժամանակ լինում է դասակի հրամանատարի օգնական։

1945 թվականին պատերազմի հաղթական ավարտից հետո ուսումնարանում նա խորհրդային կառավարության ցուցումով կրկին մասնակցում է կարևոր օպերատիվ աշխատանքի։ 4 տարի բանակում ծառայելուց հետո 1946 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանագրով զորացրվում է։ Վերադառնալով Զանգեզուր վաստակած զինվորը նշանակվում է հայրենի Բռուն գյուղի դպրոցի տնօրեն։

1947 թվականի գարնանը նշանակվում է ՀԿԿ Գորիսի շրջանային կոմիտեի հրահանգիչ։ Ուսումը շարունակելու նպատակով 1947 թվականին ընդունվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը՝ և տեղափոխվում մայրաքաղաք։ Այստեղ ևս նա առաջավորների շարքում էր և գերազանց առաջադիմության և հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար արժանանում բարձրագույն անվանական կրթաթոշակի։ Ապագա գիտնականը զբաղվում է գիտական աշխատանքներով, ակտիվորեն մասնակցում ուսանողական գիտական ընկերության գործունեությանը, նստաշրջաններում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին հանդես գալիս զեկուցումներով։

Գաբրիել Խաչատրյան

1952 թվականին ընտրվում է բժշկական ինստիտուտի բազմամարդ կուսակցական սկզբնական կազմակերպության բյուրոյի քարտուղար։ Սակայն չար լեզուները զրպարտում են նրան՝ ասելով, որ նա թաքցրել է ծնողների հակախորհրդային անցյալը։ Դրան են ավելանում նաև այլ մեղադրանքներ, որոնց պատճառով 2 ամիս անց ազատվում է կուսկազմակերպության քարտուղարի պաշտոնից։ Համոզված լինելով, որ ինքը զրպարտության զոհ է՝ նա դիմում է կուսակցական վերադաս կազմակերպություններին։ Պարզվում է, որ նրա ծնողները կոլտնտեսության առաջավորներ են իսկ մյուս մեղադրանքներն ոչ մի հիմք չունեն։ Բուհը ավարտելուց հետո նորավարտ բժիշկը ուզում էր դառնալ ոչ թե բժիշկ-կլինիցիստ, այլ տեսաբան և զբաղվել գիտամանկավարժական գործունեությամբ։

1953 թվականին հաջողությամբ ավարտելով ինստիտուտը՝ նա ընդունվում է կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտուրան, որից հետո սկսվում է երիտասարդ ու խոստումնալից կենսաքիմիկոսի գիտական բուռն գործունեության բեղմնավոր շրջանը, որը տևում է մի քանի տասնամյակ։ Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին նա զբաղվում է ալիմենտար հիպերգլիկեմիայի ժամանակ արյան մեջ գլյուկոզայի և պիրոխաղողաթթվի պարունակության կեղևային կարգավորման հարցերի ուսումնասիրությամբ։ Հետազոտությունների ընթացքում կուտակած հարուստ նյութը նրան իրավունք է տալիս ամփոփել ստացված գիտական հետարքրքրություն ներկայացնող տվյալները, գրել և 1956 թվականին հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ Երիտասարդ գիտնականը շարունակում է իր գիտամանկավարժական գործունեությունը կենսաքիմիայի ամբիոնում՝ միաժամանակ ծավալելով հասարակական հանրօգուտ աշխատանք։

1955 թվականին ընտրվելով ինստիտուտի կուսակցական սկզբնական կազմակերպության քարտուղար՝ նա շուրջ մեկ տարի ղեկավարում է այդ բազմամարդ կոլեկտիվի աշխատանքները՝ կազմակերպության ուշադրությունը կենտրոնացնելով կառավարության և կուսակացական վերադաս մարմինների որոշումների կատարման, գիտական ու մանկավարժական աշխատանքների, ինչպես նաև ապագա բժիշկների հետ տարվող աշխատանքների մակարդակի բարձրացման, երկրին բարձրորակ բժիշկներ տալու վրա։ Մանկավարժական և հասարակական աշխատանքի հետ մեկտեղ նա շարունակում է իր ակտիվ գիտական գործունեությունը, որը նվիրված էր գլխուղեղի ներքին արգելակման և գրգռման ժամանակ օրգանիզմում ածխաջրատների փոխանակության որոշ հարցերի բացահայտմանը։ Գիտական որոնումների ընթացքում նա ձգտում էր բացահայտել ուղեղի նյութափոխանակության այն տեղաշարժերը, որոնք բնութագրում էին ուղեղի ֆունկցիոնալ ակտիվությունը ամբողջ օրգանիզմում։

Նկատի ունենալով Գաբրիել Խաչատրյանի հասարակական ակտիվ գործունեությունը և կոլեկտիվ ղեկավարելու ունակությունը՝ բժշկական ինստիտուտի կուսակցական կազմակերպության բյուրոն նրան 1962 թվականին երրորդ անգամ է ընտրում կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Անվանի մանկավարժը, ով 1960 թվականից սկսած զբաղեցնում էր կենսաքիմիայի ամբիոնի դոցենտի պաշտոնը, 1964 թվականին հաջողությամբ պաշտպանում է ատենախեսություն «Նոր տվյալներ ածխաջրերի, գալակտոլիպիդների, որոշ ազատ ամինաթթուների փոխանակության վերաբերյալ և հեքսոզոմոնոֆոսֆատային շունտի նշանակությունը ուղեղում, նրա տարբեր ֆունկցիոնալ վիճակներում» թեմայով և արժանանում կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի, այնուհետև պրոֆեսորի կոչման։ Շուրջ 5 տարի զբաղեցնելով Երևանի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը՝ անվանի գիտնականը զգալի աշխատանք է կատարել ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբարատորիայի հիմնադրման, լաբարատորիայի անձնակազմի ընտրության, ժամանակի պահանջների մակարդակով գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Նրա ուշադրության կենտրոնում են եղել ամբիոններում տարվող գիտական աշխատանքների պլանավորման, կատարման և դրանց արդյունքների գործնական առաողջապահության մեջ ներդնելու հարցը։ Նա ակտիվորեն մասնակցում էր գիտահետազոտական աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար ամբիոնները և գիտական լաբարատորիաները ժամանակակից նորագույն սարքավորումներով ապահովելու գործին՝ ամեն կերպ աջակցելով ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար աշխատանքային պայմանների ստեղծմանը։

1967 թվականին Գաբրիել Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվում է ուղեղի բիոսինթետիկ ռեակցիաների գիտահետազոտական լաբորատորիան, որը նա ղեկավարում է ավելի քան 17 տարի՝ ջանք և եռանդ չխնայելով լաբորատորիայի հեղինակությունը և գիտական աշխատանքների որակը բարձրացնելու համար։ Նրա անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ հիշարժան աշկատանքներ են կատարվել գլխուղեղի բարձրագույն ֆունկցիաների կենսաքիմիական հետևանքների հարցերի վերաբերյալ։ Գաբրիել Խաչատրյանը 1968 թվականի ապրիլին նշանակվում է բժշկական ինստիտուտի ռեկտոր և այդ պաշտոնը վարում մինչև հաջորդ տարվա հունվար ամիսը, ապա շարունակում իր գործունեությունը կենսաքիմիայի ամբիոնում և ղեկավարում իր հիմնադրած լաբորատորիայի գիտահետազոտական աշխատանքները։

1984 թվականին տեղափոխվում է աշխատանքի ԽՍՀՄ առողջապահության նախարարության թունաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճուղը՝ զբաղեցնելով ավագ գիտաշխատողի պաշտոնը։ Գաբրիել Խաչատրյանը 1989 թվականին վերադառնում է մայր բուհ՝ դարձյալ զբաղեցնելով կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսորի իր նախկին պաշտոնը։ Անվանի գիտնականը շարունակում է իր գիտամանկավարժական գործունեությունը, կարդում դասախոսություններ, կատարում գիտահետազոտական աշխատանքներ և օգնում ամբիոնի երիտասարդ մասնագետներին։ Մեծ մտահորիզոնի տեր շնորհալի գիտնականը ուներ մանկավարժական բարձր վարպետություն, ուսանողների վրա ներգործելու բացառիկ ունակություն։ Նրա դասախոսությունները միշտ էլ անցնում էին բարձր գիտական մակարդակով, ուսանողների շրջանում առաջացնելով հետաքրքրություն, քանի որ նա իր կենդանի խոսքով  կարողանում էր կարդացվող նյութը դարձնել դյուրըմբռնելի, խորը անալիզի ենթարկելով այն, ունկնդիրներին ստիպել, որ հետևեն թեմայի ընթացքին, հանգեն ինքնուրույն եզրակացության։

Գիտական գործունեություն

Գաբրիել Խաչատրյան
Պրոֆ. Գաբրիել Խաչատրյանը գիտափորձ կատարելիս

Զգալի են Գաբրիել Խաչատրյանի ծառայությունները հանրապետությունում կենսաքիմիայի զարգացման ու կենսաքիմիկոսների կադրերի պատրաստման գործում։ Իր գիտական գործունեության վաղ շրջանում նա նպատակ էր դրել ուսումնասիրել ալիմենտար հիպերգլիկեմիայի ժամանակ արյան մեջ գլյուկոզայի և պիրոխաղողաթթվի պարունակության կեղևային կանոնավորման հարցերը պայմանական գրգռման և արգելակման պայմաններում՝ որպես ոչպայմանական գրգռիչ կիրառելով շաքարային բեռնվածությունը։ Ամփոփելով իր երկարատև ուսումնասիրությունների ընթացքում ստացված տվյալները՝ նա հանգել էր այն եզրակացության, որ շաքարային բեռնվածությունը և պայմանական գրգռիչը առաջացնում են արյան մեջ գլյուկոզայի և պիրոխաղողաթթվի քանակի ավելացում և գլյուկոզուրիա։ Նա միաժամանակ բացահայտել էր, որ ներքին արգելակման ժամանակ արյան հիպոգլիկեմիկ էֆեկտի զարգացման մեջ որոշակի նշանակություն ունի երիկամային գլյուկոզուրիան։ Նրա աշխատանքները ցույց են տվել, որ սննդային և պայմանական սննդային գրգռման ժամանակ լինում է գլյուկոզայի և պիրոխաղողաթթվի պարունակության մեջ դրական զարկերակ-երակային տարբերություն, չնայած արյան հոսքի արագության մեծացմանը, իսկ ուղեղը և մկանային հյուսվածքը ուժգնորեն կլանում են գլյուկոզան և պիրոխաղողաթթուն, ընդորում ուղեղը հիշյալ նյութերը կլանում է զգալիորեն շատ, քան մկանային հյուսվածքը։ Ուսումնասիրությունների ընթացքում նա նկատել էր, որ կեղևային արգելակման առաջացման մշակման ժամանակ աստիճանաբար դանդաղում է ուղեղի արյան հոսքի արագությունը, ուղեղը և մկանային հյուսվածքը քիչ են կլանում գլյուկոզա և պիրոխաղողաթթու, իսկ ուղեղն ի տարբերություն մկանային հյուսվածքի, որպես կանոն կլանում է պիրոխաղողաթթու նաև արգելակման պրոցեսի ժամանակ։ Նրա հետազոտությունների արդյունքները, որոնք նպատակ ունեին լուսաբանել ներքին արգելակման ազդեցությունը արյան մեջ գլյուկոզայի և պիրոխաղողաթթվի քանակական տեղաշարժերի և թքարտադրության վրա, կեղևային արգելակման ակտիվ բնույթի նոր ապացույցն են, որ հեռանկարներ են բացում այդ բնագավառում հետագա ավելի խոր ուսումնասիրությունների համար:

Գաբրիել Խաչատրյան

Նա իր առջև խնդիր էր դրել ուսումնասիրել ուղեղի կողմից գլյուկոզայի, պիրուվատի կլանման և լակտատի արտազատման հարցերը, ածխաջրերի, գալակտոլիպիդների, ազատ ամինաթթուների, փոխանակության որոշ կողմերը, ֆերմենտների ակտիվության փոփոխությունները, ինչպես նաև բացահայտել ուղեղում նրա տարբեր ֆունկցիոնալ վիճակների ժամանակ հեքսոզոմոնոֆոսֆատային շունտի դերը։ Այդ նպատակով կատարված ավելի քան 10-ամյա փորձարարական աշխատանքները տվեցին ցանկալի արդյունքներ և գիտությունը հարստացրին նոր ու արժեքավոր տվյալներով։ Նա ցույց տվեց որ սննդային և պայմանական սննդային գրգռման ժամանակ, չնայած արյան հոսքի մեծացմանը, ուղեղը ուժգնորեն կլանում է գլյուկոզա և պիրուվատ, իսկ ուղեղում ազատ գլյուկոզային պարունակությունը, չնայած արյան գլյուկոզայի ուժգին մուտքին ուղեղ և նրանում արյան հոսքի մեծացմանը, չի բարձրանում։ Ուսումնասիրությունները միաժամանակ հաստատել են, որ կեղևային արգելակումը ուղեղում արյան հոսքի արագության դանդաղելու և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի իջնելու հետ ուղեղի հյուսվածքում առաջ է բերում էնդոգեն գլյուկոզայի պարունակության բարձրացում, և պիրուվատի ու լակտատի պարունակության պակասում։ Տվյալ ֆունկցիոնալ վիճակում ուղեղային հյուսվածքի հեքսոկինազային ակտիվությունը իջնում է մոտավորապես կրկնակի։

Գաբրիել Խաչատրյան

Ելնելով փորձերի ընթացքում ստացված հավաստի տվյալներից՝ նա հանգել էր այն եզրակացության, որ ուղեղում տարբեր ուղիներով ընթանում է գլյուկոզայի ուժգին փոխանակություն։ Նրա ստացված տվյալները ապացուցում են, որ սննդային և պայմանական սննդային գրգռման ժամանակ տեղի է ունենում հեքսոզոմոնոֆոսֆատային շունտի հիմնական ֆերմենտների ակտիվության հաստատուն բարձրացում։ Պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի ուսումնասիրությունների ընթացքում ստացված տվյալները ապացուցում են, որ ածխաջրային և սպիտակուցային փոփոխությունները գտնվում են փոխադարձ կապի և փոխպայմանավորվածության մեջ, որ ածխաջրերի և սպիտակուցների փոխանակության հիմքում մետաբոլիկ պրոցեսները սերտորեն կապված են միմյանց հետ։ Գլյուկոզայի և նրա մետաբոլիտների, գլիկոգենի և նրա ֆրակցիաների, գալակտոլիպիդների և նրանց որոշ ազատ ամինաթթուների փոխանակության մեջ նրա հաստատված օրինաչափությունները հիմք հանդիսացան բացահայտելու նրանց փոխանակության փոխադարձ կապի մեխանիզմը։ Նրա տվյալները կրկին անգամ հաստատեցին, որ կեղևային արգելակման ժամանակ օրգանիզմում փոխանակության պրոցեսները ընթանում են կեղևային գրգռման համեմատ հակառակ ուղղությամբ։ Գիտական որոշակի արժեք են ներկայացնում նրա «Նորմալ ֆիզիոլոգիական պայմաններում գլխուղեղի կենսաքիմիան, հեքսոզոմոնոֆոսֆատային շունտն ուղեղում» և «Նուկլեինաթթուների կենսաքիմիական և գլխուղեղի բարձրագույն ֆունկցիաները» մենագրությունները, որոնք ամփոփում են գիտնականի ուսումնասիրությունների արդյունքները՝ կենսաքիմիական, հատկապես նյարդաքիմիան հարստացնելով բազմամյա ուսումնասիրությունների ընթացքում հայտնագործած նոր տվյալներով։ Անվանի կենսաքիմիկոսի աշխատանքները մտել են գիտության ոսկե ֆոնդի մեջ։ Մի քանի տասնամյակ անձամբ, ինչպես նաև իր ստեղծած՝ ուղեղի բիոսինթետիկ ռեակցիների գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակիցների հետ մեկտեղ մշակել է գլխուղեղի բարձրագույն ֆունկցիաների կենսաքիմիական հիմունքների պրոբլեմը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ուղեղի բիոսինթետիկ ռեակցիաներում հեքսոզոմոնոֆոսֆատային շունտի և ածխաջրային փոխանակության գլյուկուրոնատային դերի վրա։ Նա եկել է միանգամայն նոր և սկզբունքորեն նոր կարևոր եզրակացության, որի համաձայն, ուղեղի ֆունկցիոնալ վիճակից կախված, գլյուկոզայի փոխանակության գլիկոլիտիկ ուղին կարող է փոխարկվել հեքսոզոմոնոֆոսֆատային շունտի։ Պրոֆ. Խաչատրյանը հաստատել է նյարդային հյուսվածքի ֆունկցիաներում բացառիկ կարևոր դեր ունեցող մի շարք նյութերի (նուկլեոտիդներ, լիպիդներ, ածխաջրեր և այլն) բիոսինթեզում հեքսոզմոնոֆոսֆատային շունտի լիմիտավորող դերը։

Գ. Խաչատրյանի աշխատանքներում մեծ տեսակարար կշիռ ունեն մոլեկուլյար և ֆիզիկոքիմիական կենսաբանության և նյարդաքիմիայի կարևոր ասպեկտների ուսումնասիրությունները։ Նրա հետազոտությունները բացահայտել են բարձր տարբերակված նյարդային բջիջների գենետիկ ապարատի ակտիվացման մեխանիզմների կանոնավորման մի շարք առանձնահատկություններ։ Նա ցույց է տվել, որ նյարդային ապարատի գենետիկ ֆունկցիաների կանոնավորումը բնական միացությունների խմբի մոլեկուլյար ազդանիշ գործոնների ազդեցությամբ կարող է ընթանալ այնպիսի ուղիներով, որ ոչ միշտ են բնորոշ այլ բջիջների համար։ Միաժամանակ բացահայտվել է, որ առանձին դեպքերում պոլիամինների գործողությունը նման է նեյրոակտիվ պեպտիդների գործողությանը։ Միաժամանակ փորձարարական հետազոտությունների հիման վրա գիտնականը հանգել է այն եղրակացության, որ իր ուսումնասիրված մոլեկուլյար-ազդանիշ գործողությունների ազդեցությունը գենետիկ ապարատի վրա ընթանում է տարբեր ռիբոնուկլեինաթթու պոլիմերազների ակտիվության ինդուկցիայի ճանապարհով։ Գ. Խաչատրյանը առաջ է քաշել մի տեսակետ, որի համաձայն կենտրոնական նյարդային համակարգի վրա ֆիզիոլոգիական ներգործությունների ժամանակ ռիբոնուկլեինաթթվի բիոսինթեզի կանոնավորումը կարող է ընթանալ ցիկլոադենիլատ- և ցիկլոգուանիդատ-զգացող տրանսկրիպցիաների միջնորդությամբ։ Այդ բնագավառում նրա կատարած աշխատանքները ունեն ֆունդամենտալ նշանակություն և ուղղված են բարձրակարգ կենդանիների նյարդային բջիջներում նուկլեինաթթուների բիոսինթեզի կանոնավորման մեխանիզմների բացահայտմանը։

Գաբրիել Խաչատրյան

Մյուս կողմից՝ այդ աշխատանքների ընթացքում ստացված տվյալները գործնական առողջապահության համար ունեն կիրառական կարևոր նշանակություն, քանի որ կարող են օգնել արտակարգ վիճակների ախտաբանաքիմիական հիմունքների պարզաբանմանը և դրանց վերացման նպատակով ռացիոնալ միջոցառումների մշակմանը։ Նա ցույց է տվել, որ սթրեսային վիճակները (կլինիկական մահ, վերակենդանացումից հետո վերականգնման ժամանակաշրջան, ուղեղային իշեմիա և այլն) կարող են առաջացնել ռիբոնուկլեինաթթվի պահանջվող ձևերի անհրաժեշտ քանակության սինթեզի դանդաղում, ի հայտ բերել պոլիռիբոսոմների ֆունկցիայի դիսհարմոնիա, նյարդասպեցիֆիկ սպիտակուցների սինթեզի ճնշում և ուղեղի ֆունկցիայի խանգարում։ Նա բացահայտել է արյան մահացու կորստի, կլինիկական մահվան և վերականգնման շրջանում ռիբոնուկլեազի ակտիվության զգալի նվազում տարբեր ենթաբջջային մասնիկներում, որն առաջին շրջանում բացառում է ուղեղի նյարդային բջիջների լիզոսոմներից լիտիկ ֆերմենտների անջատումը և կանխում է սպիտակուց սինթեզող համակարգի վրա ռիբոնուկլեազի քայքայող հատկությունը։ Մեծ գործնական հետաքրքրություն են ներկայացնում Գ. Խաչատրյանի և նրա աշխատակիցների ուսումնասիրությունները ուղեղում ուրիդիլտրանսֆերազային համակարգի, կատեխոլամինների և սերոտոնինի քիմիայի և կեսաքիմիայի վերաբերյալ՝ օրգանիզմի ծայրահեղ վիճակների ժամանակ անհրաժեշտ բուժական միջոցների գործում։ Տոքսիկոլոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղում աշխատելու ժամանակաշրջանում ընդհանուր թունաբանության լաբորատորիայի կազմում կենսաքիմիական խումբը նրա անմիջական ղեկավարությամբ նոր հետազոտություններ էր ծավալել մարդու և բարձրակարգ կենդանիների բջիջների և գենետիկ ապարատի վրա սինթետիկ քիմիական միացությունների վնասակար ազդեցությունը ուսումնասիրելու նպատակով։ Նա մշակում էև կենսաքիմիական գենետիկայի և մոլեկուլյար թունաբանության կարևորագույն ասպեկտները։ Գ. Խաչատրյանը և նրա աշակերտները այլ հարցերի հետ միաժամանակ մշակել են նաև կենտրոնական նյարդային համակարգի գործունեության մոլեկուլային հիմունքները և կենսապոլիմերների (նուկլեինաթթուների, նյարդաառանձնահատուկ սպիտակուցների) և կենսաբանական նոր ակտիվ նյութերի դերը հիշողության, նյարդային բջիջների պլաստիկ ֆունկցիայի ապահովման և օրգանիզմի արտակարգ վիճակներում կենսաբանական փոփոխությունների միջև։

Կյանքի վերջին տարիներին նրա գիտական հետաքրքրությունը ուղղված էր ժողովրդական տնտեսության մեջ լայնորեն օգտագործվող բուսական աճի կարգավորիչների, պեստիցիդների և սինթետիկ այլ քիմիական նյութերի՝ նյարդաբջիջների գենետիկական ապարատի վրա ունեցած ներգործության պրոբլեմին։ Անվանի գիտնականը բազմիցս զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իտալիայում, Շվեդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Կանադայում՝ ներկայացնելով Հայաստանի կեսաքիմիական դպրոցի մակարդակը։ Տարբեր տարիներ նա անդամակցել է մի շարք գիտական խորհուրդների, իսկ հիմնադրման պահից «Նեյրոքիմիա» ամսագրի խմբագրման կոլեգիայի անդամ էր և մեծապես օգնում էր ամսագրի հեղինակության բարձրացմանը։

Հանդիսանալով ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի մասնագիտական խորհրդի անդամ՝ գիտնականը մեծապես նպաստում էր երիտասարդ կենսաքիմիկոսների ատեստավորման գործին։ Գ. Խաչատրյանը հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, այդ թվում 2 մենագրության։

Առանձին տեղ է գրավում նաև բժշկական բուհերի ուսանողների համար նրա գրած կենսաքիմիայի դասագիրքը, որը նա ավարտին է հասցրել անմիջապես մահվանից առաջ։ Նա պատրաստել է շուրջ 25 գիտության դոկտոր և թեկնածու, արժանացել կառավարության բարձր պարգևների։

Անվանի կենսաքիմիկոսը շատ մտահղացումներ ու ծրագրեր ուներ, սակայն ծանր հիվանդությունը 1997 թ. կտրեց նրա կյանքի թելը։ Գ. Խաչատրյանի ծառայությունները բարձր գնահատելով, նկատի ունենալով նրա գիտական, մանկավարժական ու մարդկային բարձր արժանիքները՝ նրա հայրենակիցները անվանի կենսաքիմիկոսի անունը հավերժացնելու նպատակով գիտնականի անունով կոչեցին Գորիսի ոչ պետական բժշկական ուսումնարանը և հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։

Աղբյուրներ

  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Gabriel Khachatryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Gabriel Khachatryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes