Davit Tryants
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԹրյանց ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Կարապետի Թրյան (Դավիթ Թրյանց, Թուրյան, օգոստոսի 26, 1840(1840-08-26), Կոստանդնուպոլիս - օգոստոսի 20, 1898(1898-08-20), Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ դերասան։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Մխիթարյանների վարժարանում։ 1858 թվականին մեկնել է Վենետիկ, ուսումը շարունակել Մխիթարյանների Մուրադ-Ռափայելյան վարժարանում, սակայն հիվանդանալով, առանց ուսման շրջանն ավարտելու, վերադարձել է ծննդավայր։
Կարճ ժամանակ հետևել է նկարչության։
Բեմական գործունեությունն սկսել է Կ. Պոլսի «Արևելյան թատրոնում», 1861 թվականին (առաջին դերը՝ Գուստավ, Ռոթայի «Երկու հիսնապետներ» մելոդրամայում)։ 1862-1864 թվականների թատերաշրջաններում ճանաչվել է որպես էպիզոդային «փոքր դերերի» վարպետ։ 1868-1878 թվականներին խաղացել է Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոն»-ում, 1872-1873 թվականներին թատերաշրջանում՝ Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, 1878-1883 թվականներին՝ Սերովբե Պենկլյան ի օպերետային և Թովմաս Ֆասուլաճյանի՝ հյուրախաղերով շրջող խմբերում, 1883 թվականին՝ Թիֆլիսի, 1898 թվականին՝ Բաքվի հայկական թատերախմբերում։ Թրյանցը եղել է խարակտերային և կատակերգական նուրբ կերպարանագծումների դերասան, համարվել դասական կատակերգության, հատկապես Մոլիերի ամենաինքնատիպ մեկնաբանը XIX դարի հայ թատրոնում։
1868 թվականին որպես նկարիչ աշխատել է ճարտարապետ Սարգիս Բալյանի մոտ, նկարազարդել նրա նախագծերով կառուցվող արքայական պալատների ձեղունները։ 1869-1870 թատերաշրջանում մասնակցել է Նոր Նախիջևանում Ֆասուլաճյանի կազմակերպած ներկայացումներին՝ Պետրոս Ադամյանի, Մարի Նվարդի, Խ. Փափազյանի և ուրիշների հետ, 1872 թվականին խաղացել է Պետրոս Մաղաքյանի թատերախմբում, իսկ 1873-1878 թվականներին՝ Վարդովյանի խմբում։ Մեծ հաջողությամբ է հանդես եկել Մոլիերի պիեսներում, ինչպես Արգան («Երևակայական հիվանդ»), Սգանարել («Բռնի ամուսնություն»), Ժորժ Դանտեն, Պարոն Բորսունյակ և այլն։
1882 թվականին մեկնել է Բուլղարիա։ 1883 թվականին եկել է Թիֆլիս, մասնակցել Թիֆլիսի դրամատիկ խմբի ներկայացումներին, ապա Պենկլյանի խմբի հետ շրջել է Զմյուռնիայում, Եգիպտոսում՝ հանդես գալով օպերետային ներկայացումներում։ Այնուհետև երկար տարիներ թափառել է քաղաքից քաղաք։ 1898 թվականին Բաքվում բեմադրել է Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» և «Պաղտասար աղբարը», ապա անցել է Թիֆլիս, որտեղ մահացել է կաթվածից։
Դերեր
- Արգան՝ Մոլիերի «Երևակայական հիվանդը»
- Ժորժ Դանդեն՝ «Ժորժ Դանդեն»
- Փուրսոնյակ՝ «Պարոն դը Փուրսոնյակ»
- Սկապեն՝ «Սկապենի արարքները»
- Հարպագոն՝ «Ագահ»
- Տարտյուֆ՝ «Տարտյուֆ»
- Դոն Գրեգորիո՝ Գոլդոնիի «Դոն Գրեգորիո»
- Սերոբ՝ Ա. Երիցյանի «Սխալ հաշիվ»
- Աբիսողոմ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»
- Պաղտասար՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»