Ashot Bayatyan
Quick Facts
Biography
Աշոտ Նահապետի Բայաթյան (1922, Խաչիկ, Շարուր-Դարալագյազի գավառ - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Աշոտ Բայաթյանը ծնվել է 1922 թվականին, Եղեգնաձորի շրջանի Խաչիկ գյուղում։ 1939 թվականին, Արտաշատի մանկավարժական ուսումնարանը դեռ չավարտած, աշխատանքի է անցել նույն շրջանի Լուսակերտ գյուղի յոթնամյա դպրոցում, մեկ տարի ֆիզիկա դասավանդելուց հետո նշանակվել է Նշավանի դպրոցի ուսմասվար։
1941 թվականի դեկտեմբերին կամավոր մեկնել է Կարմիր բանակ։ Ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին մասնակցել է 1942 թվականի նոյեմբերից։ Բայաթյանը մասնակցել էՀյուսիսային Կովկասի ռազմաճակատում Նալչիկի, Մոզդոկի, Բեսլանի մոտ տեղի ունեցած մարտերին։ 1943 թվականի հունվարին վիրավորվել է և Մախաչկալա քաղաքում բուժվելուց հետո, վերադարձել գործող բանակ և 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայում մասնակցել է մարտերին, 1943 թվականի օգոստոսի 15-ին Կրիմսկ քաղաքի շրջակայքում գրոհներից մեկում վիրավորվել է։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականի փետրվարին Կերչի համար մղվող կատաղի մարտերում կրկին վիրավորվել է։ Պարգևատրվել է «Խիզախության համար», «Կովկասի պաշտպանության համար» և այլ մեդալներով։
Բայաթյանը զորացրվելուց հետո ավարտել է Երևանի մանկավարժական ու պոլիտեխնիկական ինստիտուտները, ֆիզիկա ու մաթեմատիկա է դասավանդել Արարատի շրջանի Շիրազլու (Ոսկետափ), Մեծ Վեդի, Ավշար գյուղերի դպրոցներում։ 1961 թվականին տեղափոխվել է Երևան, դասավանդել Պռոշյանի, Նար-Դոսի անվան դպրոցներում։ 1962 թվականին աշխատանքի է անցել պրոֆտեխնիկական կրթության պետական կոմիտեում, որպես տեսուչ։ Բայաթյանը պրոֆտեխկրթության սիստեմի ճանաչված մասնագետներից էր, զգալի ներդրում է ունեցել որակյալ բանվորական կադրերի պատրաստման գործում։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Խիզախության համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ