Artsrun Berberian
Quick Facts
Biography
Արծրուն Արմենակի Բերբերյան (դեկտեմբերի 22, 1925(1925-12-22), Թիֆլիս, ԽՍՀՄ - հունվարի 1, 1994(1994-01-01), Երևան, Հայաստան), հայ արծաթագործ: Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է վզնոցներ, սկուտեղներ, սափորներ, զարդաքանդակներ:
Կենսագրություն
Արծրուն Բերբերյանը ծնվել է 1925 թվականին, Թիֆլիսում, 1914 թվականին Վանից ներգաղթած և Թիֆլիսում հաստատված Բերբերյանների ընտանիքում: Բերբերյանները տեղափոխվել են Թավրիզ, որտեղ հայկական դպրոցների փակվելու պատճառով Արծրունի ուսումը կիսատ է մնացել: Հայրը նրան տվել է արհեստ սովորելու Թավրիզում հաստատված վանեցի արծաթագործների մոտ: Աշակերտել է արծաթագործներ Ատոմ Սապոնջյանին և Փանոս Ժամհարյանին: 1946 թվականին մեկնել է Թեհրան, որպես վարպետ աշխատել Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում: 1936 թվականին Պարսկաստանից ներգաղթել է Հայաստան, զբաղվել Ուրարտական-Արարատյան արվեստի վերականգնմամբ: Երևանում ընդգրկվել է ժողովրդական ստեղծագործողների տան աշխատանքներում, մետաղի գեղարվեստական մշակման դասեր տվել Երևանի ուսումնարաններից մեկում, Էրեբունի թանգարանում աշխատել որպես վերականգնող
Մետաղների (արծաթ, բրոնզ, պղինձ, փիրուզ և այլն), թանկարժեք քարերի, ապակու, փայտի գեղարվեստական մշակման տարբեր եղանակներով (ֆիլիգրան, փորագրություն, ապլիկացիա և այլն) ստեղծել է «Ծխախոտատուփ» (1942), «Ծաղկաման» (1944), «Բուրվառ» (1964), «Գավաթ» (1970), «Վան» (վզնոց, 1971), «Աղթամար» (սկուտեղ, 1972), «Արգիշտի» (սափոր, 1973), «Սափոր» (1976), «Թեյշեբա» և այլն, նաև գեղարվեստական զարդաքանդակներ՝ («Կենաց ծառ» 1973, 1974): Գործերից պահվում են Սարդարապատի ազգագրական թանգարանում, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում (Մոսկվա), Սուրբ Էջմիածնի վեհարանում, ՀԺԱԹ-ում և այլուր:
Բերբերյանի աշխատանքները՝ դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաթիվ գործեր, դիտել են Մոսկվայի, Լենինգրադի, Ռոտերդամի, Դորտմունդի, Ժնևի, Լոզանի, Ռեյկյավիկի, Հելսինկիի, Կոպենհագենի և այլ քաղաքների արվեստասերները: Նրա մի շարք ստեղծագործություններ մշտապես ցուցադրվում են Երևանի, Մոսկվայի, Լենինգրադի, Դետրոյտի և այլ թանգարաններում:
Պարգևներ և մրցանակներ
Բերբերյանն արժանացել է ժողովրդական ստեղծագործողների հանրապետական, համամիութենական և միջազգային փառատոների դափնեկրի կոչման, պարգևատրվել դիպլոմներով, բրոնզե (1973) և ոսկե մեդալներով (1975,1977):
Մահ
Արծրուն Բերբերյանը մահացել է 1994 թվականին, Երևանում:
Մեջբերումներ Ա. Բերբերյանի մասին
Արծրուն, սիրելիս Քեզ, քո գործը տեսնելիս, նորից հասկանում ես, թե ինչումն է կայանում մեր ազգի գոյությունը: Իհարկե, միայն ստեղծագործ միտքը և հավատը լավին, գեղեցիկին: Կեցցե՛ս, հայի զավակ: Քեզ արվեստի մեծ հաղթանակ, մեծ ճանապարհ դեպի Վան: |
Ուրախ եմ... դուռը բացել ոսկեձեռ արծաթագործ վասպուրականցի հայրենակցիս: Հրաշագործի, վաղեմի հեքիաթս վերակենդանացնողիս հեքիաթի դուռը բացեցի...Թատրոն եմ հրավիրում, Վանում հանդիպել եմ ցանկանում: |
Երբ նայում ես Արծրուն Բերբերյանի աշխատանքներին, սիրտդ լցվում է հպարտությամբ հայրենիքիդ համար: Նրա շատ աշխատանքներ կարող են իրավամբ տեղ զբաղեցնել համաշխարհային մշակույթի գլուծգործոցների կողքին: Խոնարհվում և բարեմաղթում եմ քեզ քո վեհ գործում: |
Շատ ուրախ եմ, որ իմ հայրենակից և ազգական Արծրուն Բերբերյանը հասել է այսպիսի բարձունքների: Հասել է իր ուժերով, իր գործը սիրելու և նրան նվիրվելու տոկունությամբ: Այս հարկի տակ, Նոր Երևանի կենտրոնում հառնել-վերածնվել է Վան-Վասպուրականի ոգին, ավելի ճիշտ՝ ուրարտական Տուշպա-Տոսպի ոգին, որը երևի նույնպես փոքրիկ մի ապացույց է այն մեծ իրողության, որ վասպուրականցիները իրենց արյան ու արվեստի մեջ կրում են ուրարտացի նախնիների գեներն ու շնորհները: |
Գրականություն
- Արծրուն Բերբերյան: Ալբոմ, Գրիգորյան Պերճ, Յազիչյան Ա. Գ, Սահակյան Մ. Վ., Երևան, Սովետական գրող, 1988:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 227:
- ↑ «Արծրուն Արմենակի Բերբերյան»։ matyan.am։ Վերցված է 2019-06-13
- ↑ «Գավաթ «Թեյշեբա»»։ Հայկական գանձարան (հայերեն)։ Վերցված է 2019-06-13 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)