Artak Darbinjan
Quick Facts
Biography
Արտակ Հակոբի Դարբինյան, (Նորգեղցի Սաքո) (1878, մարտի 1, Վան - 1950, փետրվարի 17, Փարիզ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, լրագրող, հրապարակախոս, Արմենական կազմակերպության անդամ։
Կենսագրություն
1893 թվականին ավարտել է Վանի Սուրբ Թարգմանչաց վարժարանը, սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Եղել է ուսուցիչ Սալմաստում (Իրան)։ Հեղափոխական գործունեության համար ենթարկվել է ոստիկանության հետապնդումների, բազմիցս (1898, 1904) բանտարկվել։ Գործել է ֆիդայիներ Սևքարեցի Սաքոյի, Վարդանի, Նիկոլ Դումանի հետ։ 1905 թվականից հանդիսացել է Վարագավանքի դպրոցի տեսուչ, 1915 թվականի Վանի հերոսական ինքնապաշտպանության մասնակից։ Ռուսական զորքերի քաղաք մտնելուց հետո նշանակվել է նահանգային վարչության ընդհանուր քարտուղար։ Ռուսական զորքերի և Վասպուրականի հայության նահանջից հետո անցել է Թիֆլիս, որտեղ վերահրատարակել է «Վան-Տոսպ» թերթը։ 1919-1920 թվականներին եղել է «Հայաստանի ձայն» (Երևան) թերթի խմբագիր։ Խորերդային իշխանություն հաստատվելու պահին Դարբինյանը Կոստանդնուպոլսում էր, որտեղից խորհուրդ է տվել աջակցել Խորհրդային Հայաստանին, որդեգրել է «հայրենիքին հետ և հայրենիքին համար» սկզբունքը։ 1922 թվականին որպես ռամկավար ազատական և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակ եկել է Անդրկովկաս, Թիֆլիսում հանդիպել Ալեքսանդր Մյասնիկյանի, Երևանում՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարների և Գևորգ Ե կաթողիկոսի հետ՝ արևմտահայերի իրավունքների պաշտպանության պահանջով, սակայն մերժվել է, որից հետո հաստատվել է Փարիզում։ Հրատարակել է «Հայ ազատագրական շարժման օրերեն (հուշեր 1890 (1947) աշխատությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |