Armine Grigoryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Արմինե Գրիգորյան (այլ կիրառումներ)
Արմինե Գրիգորյան (սեպտեմբերի 30, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:30|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն (2004):
Ճարտարապետ Սեմյոն Բարսեղյանի կինը:
Կենսագրություն
Արմինե Գրիգորյանը ծնվել է Երևանում։ 1985 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը (Կարինե Սմբատյանի դասարան)։ 1985-1990 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1990-1993 թվականներին՝ ասպիրանտուրայում, պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների դասարանում։
2003 թվականին դաշնակահար Սոնա Բարսեղյանի հետ հիմնադրել է «Սոնետ» դաշնամուրային դուետը։ 2005 թվականից Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարն է: 2010 թվականին Եռյակի մյուս անդամների հետ ստեղծել է «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամ», որն ակտիվ գործունեություն է ծավալել՝ պրոպագանդելով մասնավորապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, աջակցելով շնորհալի պատանի երաժիշտներին։ Խաչատրյանի անվան եռյակի հետ համերգներով հանդես է եկել Վիեննայի (Musikverein), Համբուրգի (Laiezhalle), Լայպցիգի Գևանդհաուզ, Մյունխենի (Gasteig-Philharmonie) համերգասրահներում: Լոզանում («Schubertiade»), Կոստա Ռիկայում («Festival de las Artes»), Մեքսիկայում («Festival International Cervantino») մասնակցել է փառատոների:
2005 թվականին Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է նվագակցության արվեստի փառատոն, 2008 թվականին՝ Արամ Խաչատրյանի 105-ամյակին նվիրված հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոն, 2013 թվականին՝ միջազգային գիտաժողով՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին։ 2007 թվականին հրատարակել է իր բանաստեղծությունների «24 պրելյուդ» խորագիրը կրող ժողովածուն։
2004 թվականից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենն է, 2012 թվականից հայ դաշնակահար-ուսուցիչների ասոցիացիայի պատվավոր նախագահը: Դասավանդում է Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր է։
Համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Շվեյցարիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Մերձբալթյան երկրներում, ԱՄԷ-ում, Լիտվայում, Լիբանանում, Կիպրոսում, Ավստրալիայում, Վրաստանում, Մոլդովայում, Հայաստանում և Արցախում:
Ստեղծագործություններ
Արմինե Գրիգորյանը համագործակցել է բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ՝ ներկայանալով ամենատարբեր ծրագրերով՝ ներառյալ Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար: Թողարկել է մի քանի ձայնասկավառակներ՝ այդ թվում «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» սկավառակը՝ նվիրված մեծ կոմպոզիտորի քիչ հայտնի դաշնամուրային ստեղծագործություններին։
Նվագացանկում կատարում է Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Մոցարտի, Շոպենի, Յոհաննես Բրամսի, Սերգեյ Ռախմանինովի, Կլոդ Դեբյուսիի, Պյոտր Չայկովսկու և այլոց ստեղծագործությունները։
Մրցանակներ
- Լեհաստանի մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար 2013 թվականին Լեհաստանի հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով
- Միջազգային և հանրապետական մի շարք մրցույթների դափնեկիր է
- «Հռոմ 2003» (Roma 2003) դաշնակահարների միջազգային մրցույթի ժամանակ արժանացել է կրկնակի դափնեկրի կոչմանը և շքանշանի՝ Հռոմի դեպուտատների պալատի կողմից
- Որպես կամերային անսամբլիստ՝ տարբեր միջազգային մրցույթների հատուկ մրցանակների դափնեկիր է
Տես նաև
- Խաչատրյանի անվան եռյակ