Arev Samuelyan
Quick Facts
Biography
Արև Հարությունի Սամուելյան (հունվարի 15, 1976(1976-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, քաղաքական-հասարակական գործիչ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (2009-2018 թթ.)։
Կենսագրություն
1986-1991 թթ. սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում, 1992-1998 թթ.՝ Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, 1998-2002 թթ.՝ ԵրՃՇՊՀ ասպիրանտուրայում։ 2000-2001 թթ. մասնակցել է Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետության դպրոցի ավարտական դասընթացին։ 2000 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, 2002 թվականից՝ Ֆրանսիայի Ճարտարապետների Օրդենի անդամ (գրանցված Օվերն նահանգի ռեգիստրում, այնուհետև՝ 2008 թ. Ռոն-Ալպ նահանգի ռեգիստրում)։ 2009 թվականի հուլիսի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։ 2012 թվականի մարտ ամսից ՀՀԿ անդամ է։ 2013 թվականից ԵրՃՇՊՀ դասախոս է։ 2018 թվականի հունիսի 8-ին ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:
Աշխատանքային գործունեություն
1998 թվականին աշխատել է «Բիզնես Սթայլ» կազմակերպությունում որպես դիզայներ, 1998-2000 թթ.՝ «Երևաննախագիծ» ինստիտուտում՝ ճարտարապետ, (Ջիմ Թորոսյանի ստեղծագործական արվեստանոց), 2000-2001 թթ. Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի «Ժան-Ֆրանսուա Պանթեոն» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ, 2001-2002 թթ. Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերանի «Պատրիկ Լեո» ճարտարապետական արվեստանոցի ճարտարապետ, 2002 թվականի հոկտեմբերից՝ Երևանի «Րաֆի Արև» ճարտարապետական արվեստանոցի համահիմնադիրն է, 2003-2006 թթ. Կլերմոն-Ֆերանում հիմնադրել է «Արև Սամուելյան» անհատական ճարտարապետական արվեստանոցը։ 2003 թվականից դասախոսում է Կլերմոն-Ֆերանի բարձրագույն ճարտարապետական դպրոցում, 2006 թվականից՝ Վալանսի «2AB» ճարտարապետական արվեստանոցի համատեր։
Ստեղծագործական գործունեություն
Հայաստանում և արտերկրում համակարգել է մշակութային մի շարք միջոցառումներ։ Մասնագիտական 8 հոդվածի հեղինակ է։ Մասնակցել, շահել և իրականացրել է ճարտարապետական բազմաթիվ մրցույթներ։ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ֆրանսիայում քաղաքաշինական հանգույցների, բազմաթիվ ցածրահարկ և բարձրահարկ բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների, հուշատեղերի հեղինակ է։
Մրցանակներ
- 2004 թվականին արժանացել է «Էկեր դ’արժան» եվրոպական մրցանակի՝ «Երիտասարդ հույս» անվանակարգի 2-րդ մրցանակին։
- Մովսես Խորենացու մեդալ (2014)։
Ծանոթագրություններ
- ↑ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Վարչապետի որոշումներ -Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am (անգլերեն)։ Վերցված է 2018-06-11
- ↑ Արև Սամուելյանի կենսագրությունը ՀՀ մշակույթի նախարարության կայքում
- ↑ Ա. Հ. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ