Yeghishe Petrossian
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Եղիշե Պետրոսյան (այլ կիրառումներ)
Եղիշե Պետրոսյան (1912, Մանազկերտ, Մուշ, Թուրքիա - 1982), հայ բանասեր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
Եղիշե Պետրոսյանը ծնվել է Մանազկերտում: 1939 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1945 թվականից մինչև իր անժամանակ մահը՝ 1982 թվականը, առանց ընդհատումների եղել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի դոցենտ, ապա՝ պրոֆեսոր։ 1969 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Րաֆֆու ստեղծագործության վերաբերյալ։ Երկու անգամ ընտրվել է բանասիրական ֆակուլտետի դեկան (1945-1950 և 1968-1972)։ 1945-1950 թվականներին դեկան եղած ժամանակ, հետպատերազմյան ծանր տարիներին տնտեսապես օգնել է մի քանի ուսանողների։
Խորհրդային տարիներին՝ որպես զբոսաշրջիկ եղել է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում: Ջերմ հարաբերությունների մեջ է եղել անվանի միջնադարագետ Ասատուր Մնացականյանի հետ։
Ունեցել է 4 զավակ, որոնցից են բանասիրական գիտությունների դոկտոր Արմեն Պետրոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուբեն Պետրոսյանը և երգիծաբան, տրագիկոմեդիայի նոր ժանր ստեղծած և հասարակական իր դիրքորոշումն արվեստի լեզվով հաղորդող Վարդան Պետրոսյանը:
Աշխատություններ
Ե. Պետրոսյանը գրել է մի շարք գրքեր՝ «Րաֆֆի» (1959), «Գրական դեմքեր» (1977), «Դանիել Վարուժան» (1987)։ Կազմել, ծանոթագրել և հրատարակել է այն ժամանակ մեզանում դեռևս քիչ ուսումնասիրված արևմտահայ գրողների երկերի ժողովածուներ՝ Ռուբեն Սևակի (1955), Ռուբեն Որբերյանի (1963), Օնիկ Չիֆթե-Սարաֆի (1981)։
«Րաֆֆի»
Ե. Պետրոսյանը Րաֆֆու նվիրյալներից էր, վերջինիս ստեղծագործությունը գիտեր բոլոր մանրամասներով։ Նա հետազոտել էր նաև Րաֆֆու շուրջ ստեղծված գրվածքները, հատկապես, գիտեր «Մշակը» և այդ նույն ժամանակահատվածի հայ պարբերականները։ Եղիշե Պետրոսյանի «Րաֆֆի» մենագրությունը ներկայացնում է հայ մեծանուն գրողին, որում գրականագետը զարգացրել է իր նոր հայեցակետը հայ գրականության այն դասական երկերի մասին, ինչպիսիք են «Սամվելը», «Դավիթ Բեկը» և «Կայծերը»:
«Գրական դեմքեր»
«Գրական դեմքեր» ժողովածուում Եղիշե Պետրոսյանն ի մի է հավաքել իր երկար տարիների ուսումնասիրությունները՝ նվիրված 20-րդ դարասկզբի արևմտահայ գրողներին՝ Սիամանթոյին, Ռուբեն Զարդարյանին, Ռ. Որբերյանին և Օ. Չիֆթե-Սարաֆին, որոշ երկեր քննված են գեղարվեստական ու գաղափարական կտրվածքով։ Գրականագետի կարծիքով՝ Սիամանթոյի հենց առաջին գրքում՝ «Դյուցազնորեն»-ում, առկա են բանաստեղծի ստեղծագործության հիմնական բոլոր գծերը և արվեստի ներգործող այն ուժը, որին նա հավատարիմ մնաց մինչև վերջ։
Հետազոտություններ
Նվիրված Արշակ Չոպանյանին
Հայ գրականության պատմության մեջ Եղիշե Պետրոսյանի համար ուղենիշային է դառնում Արշակ Չոպանյանը, որը խորհրդային տարիներին արգելված հեղինակ էր կամ գրեթե արգելված։ Եղիշե Պետրոսյանը Երևանի հանրային գրադարանի մշտական ընթերցողն էր և հենց այդ նշանավոր գրապահոցի հատուկ ֆոնդում էլ կարդացել է Արշակ Չոպանյանի արևմտահայ ու արևելահայ գրողներին նվիրած հետազոտություններն ու հոդվածները, ծանոթացել հայ գրականության մեծ նվիրյալի ու մշակի Փարիզում հրատարակած պարբերականներին։ Եղիշե Պետրոսյանի համար Ա. Չոպանյանի՝ գրաքննադատի և գրականության պատմաբանի հայ գրողներին տված գնահատականները եղել են ելակետային։ Չոպանյանին նա գնահատում է որպես իր ժամանակի հայտնի, ճանաչված անառարկելի գրական հեղինակություն։
Գրականագետը բարձր է գնահատում Արշակ Չոպանյանին և դիտարկում է վերջինիս թարգմանական գործը՝ հայ գրողներին՝ ֆրանսերեն, ֆրանսիացի գրողներին՝ հայերեն ներկայացնելու կտրվածքով։ Ծանոթ է Չոպանյանի «Հայաստանի վարդենիք» («La Roseraie d’Armenie») եռահատոր ժողովածուներին, որոնք համարում է միջնադարյան բանաստեղծական էջերի ֆրանսերեն թարգմանություն։ Եղիշե Պետրոսյանը տեղյակ է նաև Չոպանյանի «Վ. Հյուգոն, Լամարտինը և Շատոբրիանը հայ գրականության մեջ» գրքին, որում և զետեղված է Հյուգոյի հայտնի դիմումը հայ ընթերցողին «Թշվառների» հայերեն թարգմանության առիթով։ Նա մեջբերում է Վերհառնի հետևյալ բնութագրումը. «Մենք հայ ազգը ճանաչում ենք Չոպանյանով»:
Նվիրված Երուխանին
Արժեքավոր է Եղիշե Պետրոսյանի հետազոտությունը՝ նվիրված Երուխանին, որին նա համարում է «թերևս ամենից քիչ ուսումնասիրված հայ հեղինակներից»: Գրականագետի կարծիքով՝ «Երուխանի վերոհիշյալ նորավեպերը առավել իմաստալի նշանակություն են ստանում, այնտեղ պատկերված է ժողովրդի հասարակ մարդկանց վեհությունը, ազնվությունը, հոգու անաղարտությունը»: Վերլուծության է ենթարկել նաև Երուխանի «Ամիրային աղջիկը» վեպը։
Աղբյուրներ
- Աելիտա Դոլուխանյան, «Անվանի գրականագետը» (Եղիշե Պետրոսյանի ծննդյան 100-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 244-248