Vazgen Davtyan
Quick Facts
Biography
Վազգեն Գաբրիելի Դավթյան (1915, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Վազգեն Դավթյանը ծնվել է 1915 թվականին, Դիլիջանում։ 1935-1936 թվականներին ավարտել է քաղաքի միջնակարգ դպրոցը, ուսուցիչ է աշխատել Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակ, Սևանի շրջանի Ծովագյուղ, Դիլիջանի Կույբիշև գյուղերում։
Երբ սկսվել է Գերմանա-խորհրդային պատերազմը, Դավթյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Նրան ուղարկել են Բաքու՝ ռազմական ուսումնարանում սովորելու։ Ուսումնարանն ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ, կռվել 347-րդ դիվիզիայի 1179-րդ գնդի կազմում, մասնակցել Մարիուպոլ և Մելիտոպոլ քաղաքների ազատագրմանը։ Ղրիմի ազատագրման մարտերից մեկի ժամանակ Դավթյանն առաջադրանք է ստացել, որը կատարել է հաջողությամբ, որի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Դավթյանը մասնակցել է Սապուն-Գորա բարձունքի և Սևաստոպոլ քաղաքի համար մղվող մարտերին, որտեղ վիրավորվել է, ապաքինվելուց հետո մեկնել է ռազմաճակատ, այս անգամ՝ 78-րդ հրաձգային դիվիզիայի 458-րդ գնդում, որպես դասակի հրամանատար։ Զորամասը գտնվել է Չեխոսլովակիայում՝ Լուչինեց բնակավայրում։ Կլիմովեց քաղաքն ազատագրելուց հետո զորամասը տեղափոխվել է Հունգարիա։ Դավթյանը մասնակցել է Բուդապեշտում մղվող փողոցային մարտերին, որի համար պարգևատրվել է «Բուդապեշտի ազատագրման համար» մեդալով։ Մասնակցել է նաև Բալատոնյան ճակատամարտին, Հունգարիայի ազատագրման մարտերին։
Պատերազմի հաղթական ավարտից հետո Դավթյանը վերադարձել է հայրենի քաղաք և նվիրվել մանկավարժական աշխատանքին։ Բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է մի շարք կառավարական պարգևների։ 1977 թվականին Դավթյանն անցել է կենսաթոշակի։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Բուդապեշտի ազատագրման համար» մեդալ