Tiruhi Kostanyan
Quick Facts
Biography
Տիրուհի Կոստանյան (Կոստանյանց, 1865, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1951, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մշակութային գործիչ, թարգմանիչ։
Կենսագրություն
Տիրուհի Կոստանյանը ծնվել է 1865 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Կրթությունը ստացել է տեղի Արղության հայ օրիորդաց դպրոցում, այնուհետև՝ Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցում։
1886 թվականին ամուսնացել է հայագետ Կարապետ Կոստանյանի հետ։ Նրանք մեկնել են Ռուսաստան, որտեղից էլ՝ Եվրոպա։ Այնտեղ Տիրուհի Կոստանյանը կատարելագործել է գերմաներենի իմացությունը։ Կովկաս վերադառնալուց հետո նա ունեցել է մշակութային գործունեություն։
1890-ական թվականներին թարգմանություններ է կատարել ռուսերենից և գերմաներենից, որոնք հրապարակվել են արևելահայ մամուլում, մասնավորապես, «Արձագանք», «Լումա», «Հանդես գրականական և պատմական» և այլ պարբերականներում։
Աշխատություններ
Տիրուհի Կոստանյանն օգտագործել է Մարգարիտ կեղծանունը։ 1892 թվականին «Արձագանք» թերթում նրա թարգմանությամբ լույս է տեսել Հենրիկ Իբսենի «Նորա» պիեսը։ Երկու տարի անց նա արձակ է թարգմանել Ուիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգությունը։ Նույն թերթում տպագրել է «Իմ մանկական հիշողություններից» աշխատությունը և «Աղեքսանդրապոլ քաղաքի հրավերները» ազգագրական երկը։ 1903 թվականին «Ոստիկ» ժողովածուում հրապարակվել է Տիրուհի Կոստանյանի «Իմ ճանապարհորդական հիշողություններից» հուշագրությունը։ Նրա թարգմանած մանկական ստեղծագործություններից մի քանիսը հրատարակվել են առանձին գրքույկներով և արժանացել մամուլի ջերմ գնահատականին։ Եվս մեկ գրքույկ տպագրել է Արղության հայ օրիորդաց դպրոցի մասին։
Տիրուհի Կոստանյանը կյանքից հեռացել է 1951 թվականին, Թբիլիսի քաղաքում։
Ծանոթագրություններ
- ↑ Ստեփանյան Գառնիկ (1981)։ Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով։ հատոր Բ, Ժ-Մ։ Երևան: Սովետական գրող։ էջ 128։ ISBN 5-550-00265-5