Sergey Danielyan
Quick Facts
Biography
Սերգեյ Դանիելյան (նոյեմբերի 8, 1964, Երևան), հայ դերասան, հաղորդավար։ Հիմնականում հանդես է գալիս հումորային ժանրում։ Զբաղվում է քաղաքական երգիծանքով, «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցության համահիմնադիրը։
Կենսագրություն
Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմագիտական բաժնում։ Այնուհետև ուսումը շարունակել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ 1982-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
Գործունեություն
1994 թվականից որպես դերասան աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, ապա Փոսի թատրոնում։ 1995 թվականից աշխատել է Երևանի «Գոյ» թատրոն-լաբորատորիայում՝ նախ որպես բեմի բանվոր, ապա դերասան։ Նույն թվականից աշխատել է «Ար» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, հումորիստ։ 1998 թվականին ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ հիմնել է «ԻՕ» էքսպերիմենտալ մնջախաղի թատրոնը, որտեղ հեղինակել է մի շարք ներկայացումներ։ 2005 թվականից աշխատում է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում՝ որպես դերասան։
Խաղացած դերեր
Սերգեյ Դանիելյանը խաղացել է դրամատիկական և մնջախաղային բազմաթիվ դերեր։ Նրա խաղացած ներկայացումներից են՝ Միշել դե Գերդերդորիդ «Ռնգեղջյուր», Վիլյամ Սարոյան «Օպերա-օպերա», Մոլիեր «Դոն Ժուան», Ժան Անույ «Նվագախումբ» և այլն։ Հանդես է եկել նաև մոնոներկայացումներում, այդ թվում՝ «Ճամպրուկ», «Սերյոժիկ», «Շարքային Դանիելյան», «Խանգարող հանգամանք» և այլն։
2006 թվականից համագործակցել է «Շանթ» հեռուստաընկերության հետ մի շարք նախագծերի շրջանակներում՝ «Իմ անունն է», «Պարահանդես», «Առավոտը Շանթում» (Անահիտ Կիրակոսյանի հետ), «Ջեմիկը», «Վերվարածները», «Անուղելիները» և այլն, նկարահանվել է նաև «Երևան ջան», «Հրաժեշտ», «Lovember», «Մայակ», «Իբրև սկիզբ», «В Россию за любовю», «Վճար», «Սկոչ և վիսկի» ֆիլմերում։
Քաղաքական գործունեություն
2016 թվականին Սերգեյ Դանիելյանը լրագրող Արման Սուլեյմանյանի հետ համատեղ ստեղծել է «Քաղաքացիական ակտիվ քայլ» (ՔԱՔ) կուսակցությունը։ Դրա նպատակն է մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող բոլոր ընտրություններին։ Կուսակցության գործունեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով։
Մրցանակներ
2004 թվականին «Իոցարտ» մոնոներկայացման համար Սերբիայի Մոնոներկայացումների և մնջախաղի փառատոնի ժամանակ արժանացել է Գրան Պրի մրցանակի։