Sedrak Yerkanyan
Quick Facts
Biography
Սեդրակ Վահանի Երկանյան (նոյեմբերի 29, 1954, Գյումրի), Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2012 թ.), Անդրկովկասյան մրցույթի (1977 թ.), Համամիութենական փառատոնի (1978 թ.) դափնեկիր, Հայաստանի առաջատար դաշնակահար-մենակատար։
Կենսագրություն
Սովորել է Գյումրիի երաժշտական դպրոցում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որպես դաշնակահար (1978 թ.), դիրիժոր-խմբավար (1992 թ.)։ Մասնավոր դասեր է առել պրոֆեսորներ Պերելմանից և Նիլսենից (Լենինգրադ)։
Համերգային շուրջ 45 տարիների գործունեության ընթացքում Երկանյանն իր կատարողական արվեստն է ցուցադրել Հայաստանի, նախկին Խորհրդային միության ինչպես և արտասահմանյան մի շարք երկրներում՝ Անգլիա, Ֆրանսա, ԱՄՆ, Հունաստան, Սիրիա, Լիբանան, Իսպանիա, Կիպրոս և այլն։ Հանդես է եկել Հայաստանի, Վրաստանի, Սանկտ-Պետերբուրգի, Օմսկի, Իրկուտսկի և այլ քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերի հետ։
Սեդրակ Երկանյանի կատարողական արվեստին, որն իր ընդհանուր նկարագրով հառնում է ռոմանտիկ ուղղվածությանը, բնորոշ են մեկնաբանման խորությունն ու յուրատիպությունը, ոճի նուրբ զգացողությունը, բեմական վառ արտիստիզմը և բացառիկ ոգեշնչվածությունը։ Փայլուն տիրապետելով թեքնիկի հնարներին՝ դաշնակահարը նախ և առաջ դրանք ծառայեցնում է գեղարվեստական խնդիրներին։ Բնատուր օժտվածությունը և կատարողական փորձը, երաժշտական ուրույն ընկալումն ու ներաշխարհի հարստությունը հնարավորություն են տալիս դաշնակահարին հավասար վարպետությամբ հնչեցնել տարբեր դարաշրջանների ու ոճերի ստեղծագործություններ՝ Կուպրենից, Դոմենիկո Սկարլատիից մինչև Սերգեյ Ռախմանինով, Հայդնից, Բեթհովենից մինչև Ֆրանսիս Պուլենկ ու արդի հայ կոմպոզիտորներ։
Առանձնակի քնարա-դրամատիկական հուզականությամբ են տոգորված ռոմանտիկների՝ Շոպենի, Ռոբերտ Շումանի, Ֆերենց Լիստի, Յոհաննես Բրամսի և Ռախմանինովի երկերի նրա կատարումները. իմպրեսիոնիստների՝ Դեբյուսիի, Ռավելի կտավների մեկնաբանումներն աչքի են ընկնում հնչյունային նուրբ ու հարուստ գունավորմամբ։
Սեդրակ Երկանյանը իրավամբ համարվում է Սկրյաբինի ստեղծագործությունների յուրօրինակ ու խորաթափանց մեկնաբան։
Սեդրակ Երկանյանի գործունեության մեկ այլ ոլորտը խմբավարությունն է։ Երաժիշտը հանդիսանում է «Խորան» կամերային երգչախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։
Սեդրակ Երկանյանը համագործակցել է Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ որպես դաշնակահար-կոնցերտմայստեր (1978-2000 թթ.)։ Որպես խմբավար համագործակցել է Հայաստանի Ռադիոյի և Հեռուստատեսության կամերային երգչախմբի (1992 թ.), Հալեպի «Զվարթնոց» երգչախմբի (1993 -1994 թթ.), Երուսաղեմի Սուրբ Յակոբեանց վանքի Ճեմարանի երգչախմբի (2004- 2005 թթ.) հետ։
1994 թվականից Սեդրակ Երկանյանը հանդիսանում է Հայաստանի «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը։
Մեջբերումներ Սեդրակ Երկանյանի մասին
Այս տաղանդավոր պատանու խոր երաժշտականությունն ու կատարման բացառիկ անկեղծությունը դեռ կստիպեն խոսել իր մասին: |
Սեդրակ Երկանյանի կատարողական արվեստը նախ և առաջ հիացնում է ներքին բացառիկ ազատությամբ, նրբին ճաշակով և զգացմունքների զսպվածությամբ: Ստեղծագործությունների երաժշտական ձևի կուռ ըմբռնումը, ձայնատարության տրամաբանվածությունը, բանականության ու ոգեշնչվածության յուրովի համադրությունը ունկնդիրների հիշողության մեջ կենդանացնում են հայ ճարտարապետների հիասքանչ հուշարձանները: |
Աստվածատուր է այն երգչախումբը, ուր երգում են հայ երգ, Կոմիտաս: «Խորանը» հրաշալի ծնունդ է: Թող նրա երգը հոգիներ գրավի: Հավատում եմ նրա ստեղծագործական թռիչքին: |
Խմբավարական արվեստում Սեդրակ Երկանյանը գտել է իր ուրույն ձեռագիրը: |