Saribek Darbinyan
Quick Facts
Biography
Սարիբեկ Ղազարի Դարբինյան (1918, Մարտունու շրջան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
Սարիբեկ Դարբինյանը ծնվել է 1918 թվականին Մարտունու շրջանի Մարտունի ավանում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1938 թվականին ավարտել է Մարտունու շրջկենտրոնի Ս. Մ. Կիրովի անվան միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում սովորելուն զուգընթաց դասավանդել է դպրոցին կից գործող լիկկայանում։ 1941 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1941 թվականի նոյեմբերից մինչև 1942 թվականի փետրվարն աշխատել է Անիի շրջանի Ձիթհանքով գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսումնական մասի վարիչ։
1942 թվականի հունվարի 25-ին Դարբինյանը զորակոչվել է կարմիր բանակ։ 409-րդ հրաձգային դիվիզիայից գործուղվել է Բաքու՝ ռազմական ուսումնարանում սովորելու։ 1942 թվականի հոկտեմբերին 165-րդ հետևակային հարվածային բրիգադի հետ մեկնել է ռազմաճակատ, կռվել Տուապսեից հյուսիս-արևմուտք ընկած լեռներում։ 1942 թվականի նոյեմբերին մարտերից մեկում Դարբինյանը ծանր վիրավորվել է, փոխադրվել հոսպիտալ։ Բուժվելուց հետո զորացրվել է։ Մարտական ծառայությունների համար Դարբինյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, «Կովկասի պաշտպանության համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», 1941-1945 թթ. թիկունքի քաջարի աշխատանքի համար, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալներով ու պատվոգրերով։
Զորացրվելուց հետո Դարբինյանն աշխատել է Մարտունու շրջժողկրթբաժնում, որպես դպրոցական տեսուչ։ 1948-1950 թվականներին եղել է Մարտունու Ս. Մ. Կիրովի անվան միջնակարգ դպրոցի ուսումնական մասի վարիչը։ 1950 թվականից տնօրենի պաշտոն է վարել շրջկենտրոնի դպրոցներում։
Պարգևներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- 1941-1945 թթ. թիկունքի քաջարի աշխատանքի համար մեդալ
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ