Sahak Mkhitaryan
Quick Facts
Biography
Սահակ Վարդանի Մխիթարյան (1921, Հովտամեջ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Սահակ Մխիթարյանը ծնվել է 1921 թվականին, Էջմիածնի շրջանի Մուղան (այժմ՝ Հովտամեջ) գյուղում։ 1940 թվականին ավարտել է Սամաղարի միջնակարգ դպրոցը և նշանակվել Մուղանի 7-ամյա դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ։
1942 թվականի մարտին Սահակը Հարավ-արևմտյան ռազմաճակատի 122-րդ դիվիզիայի 777-րդ հրաձգային գնդում մասնակցել է Խարկովի ուղղությամբ մղված մարտերին։ Այստեղ Սահակը արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։ 1942 թվականի ապրիլին մղված կատաղի մարտերից մեկում նա ծանր վիրավորվել է և, հոսպիտալում բուժվելուց հետո, վերադարձել է գործող բանակ։ Նրա մարտական ծառայությունը շարունակվել է 1730-րդ զենիթային հրետանային գնդում։ 1943 թվականին Ժուկովկա քաղաքի մոտ Մխիթարյանին հաջողվել է հրանոթի դիպուկ կրակով ոչնչացնել թշնամու ինքնաթիռը։ Այդ սխրանքի համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ 1944 թվականին մասնակցել է Լեհաստանում մղվող մարտերին։ Մխիթարյանը չորս անգամ արժանացել է Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալության և «Վարշավայի ազատագրման համար» մեդալի։ Մասնակցել է նաև Բեռլինի գրավմանը և պարգևատրվել «Բեռլինի գրավման համար» մեդալով։
1946 թվականին Մխիթարյանը վերադարձել է հայրենի գյուղ։ 1956 թվականին Մխիթարյանը հաջողությամբ ավարտել է Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժինը։ Աշխատել է Հովտամեջ գյուղի դպրոցում։
Պարգևներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- Կարմիր աստղի շքանշան
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
Ծանոթագրություններ
- ↑ Հարությունյան Ա. Հ. և ուրիշներ Հայաստանի ուսուցիչները Մեծ հայրենականում։ Երեք գրքով։ Գիրք 3-րդ, Լույս, 1987, 289 էջ։