Ruben Asatryan
Quick Facts
Biography
Ռուբեն Մինասի Ասատրյան (հոկտեմբերի 31, 1959(1959-10-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2012):
Կենսագրություն
Ռուբեն Ասատրյանը ծնվել է 1959 թվականին, Երևանում։ 1986 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, 1991 թվականին՝ օպերային–սիմֆոնիկ դիրիժորության դասարանները։ Դիրիժորության վարպետության դասընթացներ է անցել Մոսկվայի կոնսերվատորիայում: Ուսանողական տարիներին կազմակերպել է բազմաթիվ անսամբլներ՝ հանդես գալով որպես ջութակահար և դիրիժոր։ 1981 թվականին հիմնել է «Վերածնունդ»` Renaissance, անսամբլը, որը հետագայում դարձել է կամերային նվագախումբ` տարածելով դասական և ժամանակակից երաժշտությունը։ 1994 թվականին վերակազմավորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների անսամբլը՝ կազմակերպելով համերգներ՝ դասական, ժամանակակից և հատկապես հայ կոմպոզիտորների գործերի ընդգրկմամբ։ Այս նվագախումբը նկատելի դեր է խաղացել հայ ժամանակակից երաժշտության տարածման գործում։ 2006 թվականին վերականգնել է Renaissance-ը՝ համալրելով այն Հայաստանի բարձրակարգ երաժիշտներով։ Թողարկել է լազերային ձայնասկավառակներ, որոնցում ընդգրկված են Ավետ Տերտերյանի, Ա. Զաքարյանի, Ա. Եղիկյանի և այլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ 2003 թվականին ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Դուբայում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում։ 2008 թվականին բեմադրել է Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ», Շուշիում՝ Տերտերյանի «Կրակե օղակ» բեմադրությունները Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կոնսերվատորիայի Կոնստանտին Սարաջյանի անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: