Robert Khachatryan
Quick Facts
Biography
Ռոբերտ Նորայրի Խաչատրյան (հոկտեմբերի 30, 1984(1984-10-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորող։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (27.04.2022)։
Կենսագրություն
Ռոբերտ Խաչատրյանը ծնվել է 1984 թվականի հոկտեմբերի 30-ին, Երևանում։ 2000-2005 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս, համակարգային ծրագրավորողի որակավորում, 2005-2008 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ասպիրանտուրայում։ Տեխնիկական գիտությունների թեկնածու է (թեմա՝ «Տվյալների պեղման ալգորիթմների բարելավում և կիրառում վերահսկման համակարգերում»)։
Աշխատանքային գործունեություն
2001-2004 թվականներին աշխատել է «ՄԹԴ-Գրոուպ» ՓԲԸ-ում (Fujitsu Siemens, Siemens AG և Apple IMC ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում), մասնակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք նախագծերում։ 2007-2016 թվականներին «Սիմարտեկ» ՓԲԸ-ում (Siemens AG և Schneider-Electric ընկերությունների պաշտոնական գործընկեր ՀՀ-ում, էլեկտրական հոսանքի բաշխման, վերականգնվող էներգետիկայի և արդյունաբերական պրոցեսների ավտոմատացման լուծումների մատակարար) եղել է տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն, 2008-2013 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտւտի կրտսեր գիտաշխատող, 2011-2013 թվականներին՝ «Աստրա Կրիստալս» ՓԲԸ (սինթետիկ սապֆիրի բյուրեղների աճեցում) կոմերցիոն տնօրեն, 2014-2021 թվականներին՝ «Սիմարտեկ Ինտեգրեյթիդ Սոլյուշնս» ՓԲԸ (Էլ. հոսանքի բաշխիչ վահանների արտադրություն) տնօրեն։ 2021-2022 թվականներին եղել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ 2022 թվականի ապրիլի 27−ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։