Onik Nevruz
Quick Facts
Biography
Օնիկ Նևրուզ (Հովհաննես Նևրուզյան), ՀՅԴ հայտնի մարտիկներից, ֆիդայի:
Կենսագրություն
Ծնվել է Ռոդոսթոյի Թեքիրդաղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է տեղի վարժարանում, ապա զբաղվել է ծխախոտի մշակությամբ: 1894 թվականին Նևրուզն արդեն ուներ չորս զավակ: Նա անդամագրվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Ռոդոսթոյի նորաստեղծ կառույցին, այնուհետև ձեռնամուխ է լինում տեղի ՀՅԴ կառույցի հզորացման և հայության զինման գործին: Ոստիկանության հետապնդումներից խուսափելով՝ Օնիկ Նևրուզը 1896 թվականին անցնում է Ռումինիա, որտեղ բացում է մի փոքրիկ ճաշարան՝ իր ապրուստը հոգալու համար: 1898 թվականին Օնիկ Նևրուզը նախ անցնում է Թիֆլիս, այնտեղից՝ Օդեսա, ուր կարճ ժամանակով ծառայության է անցնում մի հայ վաճառականի մոտ: Բայց այստեղ ևս երկար չի մնում և 1899 թվականին Օդեսայից մեկնում է Ժնև: 1901 թվականին Օնիկ Նևրուզը միանում է հայ-մակեդոնական հայդուկային մի միացյալ խմբի, որը 1901 թ. հունիսի 6-ին Ադրիանապոլսում (Էդիրնե) հարձակում է գործում Մուստաֆա բեյի ագարակի վրա` այստեղ հյուր գտնվող Էդիրնեյի վալիին գերի բռնելու համար, որպեսզի թուրքական կառավարությունից որպես փրկագին պահանջեն հայ և բուլղար մի քանի հեղափոխականների ազատ արձակումը և որոշ գումար կորզեն: Սակայն, այս ձեռնարկն անցնում է անհաջող: Տեղի է ունենում բախում հայ-մակեդոնական հեղափոխականների և դեպքին վրա հասած թուրք ոստիկանների միջև: Որոշ հեղափոխականներ զոհվում են, մյուսները՝ ձերբակալվում: Օնիկ Նևրուզին, որը ձերբակալվածների թվում էր, հաջողվում է փախչել բանտից: 1902 թվականին Օնիկ Նևրուզը ՀՅԴ հիմնադիր-անդամ Քրիստափոր Միքայելյանի հանձնարարությամբ անցնում է Կովկաս, ակտիվորեն մասնակցում «Փոթորիկ» գործին, որի նպատակն էր ահաբեկման ճանապարհով հայ ազատագրական պայքարի համար դրամ կորզել հայ մեծահարուստներից, որը ոչ միշտ է, որ անցնում էր առանց միջադեպի:
«Շանթ» զինատար խումբը
1903 թվականից Անդրկովկասի հայության շրջանում ծայր է առնում Սասունի ապստամբներին օգնելու նպատակով մարտական և զինատար խմբեր կազմավորելու և Սասուն առաքելու գործընթացը, որին անմիջական մասնակցություն ունենալու համար Օնիկ Նևրուզը 1903 թվականին անցնում է Կարս` դառնալով Սասուն մեկնող «Շանթ» զինատար խմբի հրամանատարը: Օնիկ Նևրուզի գլխավորած «Շանթ» զինատար խմբին զուգահեռ ռուս-թուրքական սահմանը պետք է հատեր նաև Խանի (Բարսեղ Թիրաքյան) ղեկավարած «Կայծակ» հեծյալ խումբը:
Նեվրուզի խումբը պետք է անցներ Շադևան, Արմուտլու, Բաշգյուղ, այնտեղից էլ դեպի Թուրխոջա թուրքական գյուղի սահմանները: Խանի «Կայծակ» և Նևրուզի «Շանթ» զինատար խմբերը թուրքական Բասենում պետք է միանային, ապա Խնուսի վրայով անցնեին Մուշ և Սասուն:
1903 թ. սեպտեմբերի 10-ին Կարսի Տեոլպենքլի գյուղում տեղի է ունենում «Կայծակ» և «Շանթ» մարտախմբերի ռազմական խորհուրդների միացյալ խորհրդաժողով, ուր վերջնականապես ճշտգրտվում են Սասուն մեկնելու ստույգ օրն ու ուղիները: 1903 թվականի սեպտեմբերի 17-ին Օնիկ Նևրուզի 89 հոգուց բաղկացած զինախումբը առանց որևէ միջադեպի անցնում է ռուս-թուրքական սահմանը: Սեպտեմբերի 18-ի գիշերվա ժամը 3-ին զինախումբը գետանցում է Արաքսը և ուղղություն վերցնում դեպի Բոցիկի լեռները` հանդիպելու նույն օրը սահմանն անցած Խանի (Բարսեղ Թիրաքյան) հեծելախմբին: Նևրուզի հանձնարարությամբ զինախմբի 19 անդամներ, որպես առաջապահ, զինախմբի համար տեղ նախապատրաստելու նպատակով մեկնում են Յուզվերան գյուղ: Զինախմբի մյուս մասը Նևրուզի առաջնորդությամբ, շարժվելով վերջիններիս հետևից, պետք է մի փոքր դադար առներ Յուզվերան գյուղում, ապա շարունակեր առաջ ընթանալ նախանշված երթուղով: Սակայն, նրանց ճանապարհը փակում են թուրք զինվորներն ու քուրդ զինյալները, և զինախմբին չի հաջողվում հասնել Յուզվերան: Նևրուզը հարկադրված փոխում է շարժման ուղղությունը և զինախմբին առաջնորդում է Խնուս:
Շուտով Նևրուզի զինախումբը հասնում է Բասենի Թուրխոջա գյուղն ու բախվում թուրքական կանոնավոր զորքերին և քրդական աշիրեթներին: Մինչև երեկո տևած կռվի ընթացքում հայդուկներից 7-ը զոհվում են, իսկ թշնամին, տալով զգալի կորուստներ, լքում է մարտադաշտն ու հայդուկների տնօրինությանն է թողնում զգալի քանակությամբ զենք ու զինամթերք: Քանի որ այլևս հնարավոր չէր առաջ շարժվել դեպի Սասուն, ուստի խումբը որոշում է վերադառնալ ռուս-թուրքական սահման, որն ընդամենը 20 կմ էր հեռու մարտադաշտից: Սակայն, դեպի ռուսական սահմանը շարժվելիս զինախումբը բախվում է թնդանոթներով զինված թուրքական մեծաքանակ զորքի և քրդական աշիրեթների հետ և մինչև վերջ մարտընչելով` խմբի գրեթե բոլոր անդամները, որոնց թվում՝ նաև Օնիկ Նևրուզը, զոհվում են:
Գրականություն
- Բասենի ընդհարումները, «Դրօշակ», օրգան Հ. Յ. Դաշնակցութեան, Ժընեւ, 1903, թիվ 9:
- Արամայիս Ազնաւուրեանի յուշերը, գրի առաւ` Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1938, թիւ 8, էջ 154-157:
- Սեպուհ, Խան-Պետրոսը (Բարսեղ Թիրաքեան), «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1949, թիւ 2, էջ 11-20, թիւ 3, էջ 23-33:
- Լազեան Գաբրիէլ, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 397 էջ:
- Յեղափոխական ալպոմ, հատ. 7, Պէյրութ, 1967, էջ 308-320:
- Պատմագրութիւն Հ. Յ. Դաշնակցութեան, խմբ. Յ. Քիւրքչեան, Բ. հատ., Աթէնք, 1991:
- Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, էջ 182-198:
- Եղիազարյան Կարինե, Խանի «Շանթ» մարտախմբի կռիվը Խաստուրում», «Պատմություն և մշակույթ (հայագիտական հանդես), Երևան, 2011, թիվ Ա., էջ 196-206:
- Հակոբյան Կարապետ, Խանի «Կայծակ» և Օնիկ Նևրուզի «Շանթ» զինատար խմբերի սահմանանցումը, «Պատմություն և մշակույթ (հայագիտական հանդես)», Երևան, 2011, թիվ Բ., էջ 195-206:
- Գևորգյան Համլետ «Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից», Երևան, 2012, էջ 218-224: