Nerses Tairyan
Quick Facts
Biography
Ներսես Աղաջանի Թաիրյան (1859, Ղարաքիլիսա ներկայումս՝ Վանաձոր – 1902, Թբիլիսի, Վրաստան)։ Կոնյակի արտադրության հիմնադիրը Երևանում։
Կենսագրություն
Ներսես Աղաջանի Թաիրյանը ծնվել է Ղարաքիլիսայում (ներկայումս` Վանաձոր), ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան, որից հետո կատարելագործվել է Ֆրանսիայում: 1887 թվականին Երևանում հիմնադրել է կոնյակի արտադրությունը:
Գործունեություն
1870 -ականների սկզբին Թաիրյանը հողատարածքներ է գնում երևանաբնակ Հայրապետ և Նահապետ Տեր-Հովակիմյաններից Երևանի բերդում և նրան հարող տեղանքում, տնկում է այնտեղ խաղողի այգիներ և 1874 թվականին հիմնում գինու, օղու և դոշաբի արտադրության գործարան: Այն Երևանի նահանգում առաջին մասնագիտացված և կատարելագործված արտադրությունով գործարանն է հանդիսացել:
Տարիների ընթացքում Թաիրյանի արտադրանքը դառնում է բավականին պահանջված, և նա որոշում է ընդլայնել իր արտադրության տեսականին և սկսել ֆրանսիական տեխնոլոգիայով կոնյակի արտադրությունը: Այդ նպատակի համար Ֆրանսիայից գնվում են խաղողի սպիրտի ծխեցման երկու հատուկ կուբեր, ընդլայնվում են գործարանի շենքային պայմանները` սարքվում են հնեցման և կաղնու տակառների պատրաստման արտադրամասերը: 1887 թվականին Թաիրյանի գործարանը սկսում է արտադրել կոնյակ, որն իր յուրահատուկ բուրմունքի և համային հատկանիշների շնորհիվ շուտով համբավ է ձեռք բերում: 1892 թվականին Թաիրյանը գլխավոր տեխնոլոգի պաշտոնում գործարան է հրավիրում երիտասարդ և խոստումնալից մասնագետ, Մոնպելիեի գինեգործության ակադեմիան (Ֆրանսիա) ավարտած, ծնունդով երևանցի Մկրտիչ Մուսինյանին, որն էլ արդեն կարողանում է ամենաբարձր չափանիշների հասցնել կոնյակի արտադրությունը Թաիրյանի գործարանում:
Առողջական խնդիրների պատճառով Ներսես Թաիրյանը 1899 թվականին վարձակալության է տալիս իր գործարանը այն ժամանակ արդեն հայտնի ռուսաստանյան արդյունաբերողներին` «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը, որից հետո 1900 թվականին վերջնականապես վաճառում է գործարանը նրանց, տեղափոխվում Թբիլիսի, որտեղ էլ մահանում է 1902 թվականին: