Mihrdat Amrikyan
Quick Facts
Biography
Միհրդատ Հովհաննեսի Ամրիկյան (Հովհաննես Ամերիկյան) (1843, մայիսի 1 (13), գ. Ծինուբան (այժմ՝ Վրաստանի Ախալցխայի շրջանում) - 1879, փետրվարի 5 (17), Թիֆլիս), հայ դերասան, գրող։ Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից։
Կենսագրություն
Միհրդատ Ամրիկյանը ծնվել է Ախալցխայի Ծինուբան գյուղում։ Սովորել է տեղի ծխական դպրոցում, 1853-1858 թթ.` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Եղել է Ներսիսյան դպրոցի աշակերտական ներկայացումների կազմակերպիչներից։ 1860 թվականին Սարգիս Վանանդեցու «Միհրդատ» ողբերգության գլխավոր դերը հաջողությամբ կատարելու համար, ստացել է «Միհրդատ» անունը։ 1863 թվականից աշխատել է Պերճ Պռոշյանի, 1864 թվականից՝ Գևորգ Չմշկյանի թատերախմբերում։ Եղել է արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից, Գաբրիել Սունդուկյանի կերպարների առաջին և լավագույն մարմնավորողներից։
Եղել է թատերական քննադատ, երգիծաբան, հրապարակախոս։ Հետևել է Վ. Բելինսկու գեղագիտական սկզբունքներին։ Եղել է «Մշակ» թերթի առաջին աշխատակիցներից։ 1872-1873 թթ. ղեկավարել է երգիծանքի բաժինը «Չաքուճ» ստորագրությամբ, տպագրել է ֆելիետոնների շարք։
Գրել է ոտանավորներ, կատարել թարգմանություններ։
Հյուրախաղերով հանդես է եկել Ախալցխայում, Գորիսում, Քութայիսում, Գանձակում, Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում։ 1874-1877 թթ. գործել է Կ. Պոլսում, բեմադրել է Շիլլերի «Ավազակներ», Սունդուկյանի «Պեպո» և այլ ներկայացումներ։
Մահը
Նյութական ծանր վիճակի պատճառով վերադարձել է Թիֆլիս, ուր հիվանդացել և ինքնասպան է եղել։
Դերեր
- Զամբախով՝ Սունդուկյանի «Խաթաբալա»
- Սարգիս՝ Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
- Զիմզիմով՝ Սունդուկյանի Պեպո»
- Ֆրանց Սոոր՝ Շիլլերի «Ավազակներ»
- Կիվկիվ՝ Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո»
- Կարապետ, Գասպար՝ Ս. Տեր-Գրիգորյանի «Էս էլ քի մոցիքլութին»
- Գասպար՝ Ս. Տեր-Գրիգորյանի «Նինոյին շնվիլը»
- Մեծ սատանա՝ Սունդուկյանի «Օսկան Պետրովիչը էն կինքումը»
Գրականություն
- Սուրեն Հարությունյան, Միհրդատ Ամրիկյան, Երևան, 1959 թ.
Ծանոթագրություններ
- ↑ Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 21
- ↑ Baghdasaryan Aram։ «AV Production - Միհրդատ Ամրիկյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-08-21
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005