Matteos Mamuryan
Quick Facts
Biography
Մատթեոս Հովհաննեսի Մամուրյան (հոկտեմբերի 17, 1830(1830-10-17), Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - հունվարի 2, 1901(1901-01-02), Իզմիր, Զմյուռնիայի սանջակ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), արևմտահայ դեմոկրատական գործիչ, հրապարակախոս, գրող, թարգմանիչ, բանասեր, պատմագետ, մանկավարժ։
Կենսագրություն
1845 թ. ավարտել է Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանը, 1850 թ.՝ Փարիզի Մուրադյան վարժարանը։ 1851 թվականին Մամուրյանն Աղաբեկյանի հետ Զմյուռնիայում հիմնել է «Աղաբեկյան» ուսումնարանը։ 1853 թվականին ուսուցչություն է արել Կ. Պոլսում, զորակոչվել բանակ և Ղրիմի պատերազմի ժամանակ աշխատել իբրև թարգմանիչ, 1856-1857 թվականներին եղել է Քեմբրիջի համալսարանի ազատ ունկնդիր։ 1858 թ. շրջագայել է Եվրոպայում, այցելել նաև Պետերբուրգ։ 1860-1865 թվականներին եղել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի դիվանապետը։ 1862 թ. հանգանակություն է կատարել Զեյթունի ապստամբների օգտին, հրապարակել Կիլիկիայում Ազիզ Փաշայի արյունահեղ քաղաքականությունը դատապարտող հոդվածներ։ 1865-1899 թվականներին, ընդմիջումներով, եղել է Մեսրոպյան վարժարանի տեսուչը, դասավանդել անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն և համաշխարհային պատմություն։
Ստեղծագործությունը
1871-1901 թվականներին Զմյուռնիայում հրատարակել է «Արևելյան մամուլ» գրական-քաղաքական հանդեսը։ 1853 թվականից Մամուրյանը հրապարակախոսական հոդվածներով և թարգմանություններով հանդես է եկել «Մասիս», «Մեղու», «Ծաղիկ» և այլ պարբերականներում։ 1850-1860-ական թվականներին գրած իր բազմաթիվ հոդվածները ամփոփել է «Հայկական նամականի» (1872 թ.) և «Անգլիական նամականի կամ Հայու մը ճակատագիրը» (1881 թ.) հրապարակախոսական երկերում, որտեղ քննարկված են ազգային-ազատագրական պայքարի, Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրներ։ Մամուրյանի քաղաքական դավանանքն արտահայտված է «Սև լեռին մարդը» («Արևելյան մամուլ», 1871-1881 թթ.) վեպում, որտեղ հետևելով Միքայել Նալբանդյանին, նա հայ ժողովրդի ազատագրությունը կապել է ռուսական հեղափոխության հաղթանակի հետ։ Պաշտպանելով Միքայել Նալբանդյանի գործն ու գաղափարախոսությունը՝ Մամուրյանը իր ստեղծագործություններում անդրադարձել և զարգացրել է կնոջ ազատության, լեզվի, գրականության, կրոնի, բարոյագիտության և այլն հարցերի վերաբերյալ նրա տեսակետները։ Մամուրյանը դրականապես է գնահատել Փարիզի կոմունան, II և III Ինտերնացիոնալների գործունեությունը, արևմտահայ իրականության մեջ պրոպագանդել Կառլ Մարքսի, Ֆ. Լասալի, Ա. Թյուրգոյի, Ադամ Սմիթի, Դ. Ռիկարդոյի հայացքները։ «Համառոտ ընդհանուր պատմություն դպրոցաց համար» (մաս 1-3, 1875-1878 թթ.), «Համառոտ պատմություն Հայոց մինչև մեր օրերն» (1887 թ.), «Մանր վեպեր ու դասեր քաղված մանր տղոց համար» (1876 թ.), «Բանալի հայերեն շարադրության» (1878 թ.), «Գիտելիք ու պարտիք տղայոց» (1879 թ.) և այլն դասագրքերի հեղինակ է։ Մամուրյանը հայերեն է թարգմանել Վոլտերի, Գյոթեի, Գ. Լեսինգի, Ալեքսանդր Դյումայի, Ժյուլ Վեռնի, է. Պրևոյի, Կ.Բոմարշեի, Վալտեր Սքոթի, Լև Տոլստոյի և ուրիշ գրողների երկեր, ինչպես նաև «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթները (6 հատորով)։ Մամուրյանը գրել է նաև դրամատիկական գործեր, մանկավարժական և այլն բնույթի հոդվածներ։ Մամուրյանը XIX դարի 60-80-ական թվականների հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսներից է, նրա պաշտպանած բուրժուա-դեմոկրատական գաղափարներն իր ժամանակի համար ունեցել են առաջադիմական նշանակություն։
Աշխատություններ
Ծանոթագրություններ
Ստեղծագործությունների տեքստ | |
---|---|
Ստեղծագործությունների տեքստ | |
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն | |
Բառարաններ և հանրագիտարաններ | |
Չափորոշչային վերահսկողություն |