Mateos Vanandetci
Quick Facts
Biography
Մատթեոս Վանանդեցի Հովհաննիսյան (ծնվել է մոտ 1630-1640-ական թվականներին — մահացել է անհայտ թվականի), XVII դարի 2-րդ կեսի և XVIII դարի 1-ին քառորդի մշակութային գործիչ, տպագրիչ, Ամստերդամի հայկական երկրորդ տպագրության սկզբնավորող, վարդապետ։
Կենսագրություն
Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ) Վանանդ գյուղում։ Գողթնի Սուրբ Խաչ վանքի եպիսկոպոս, մշակութային-լուսավորական գործիչ Թովմաս Վանանդեցի Նուրիջանյանը իր քեռորդուն՝ Մատթեոս Վանանդեցուն տարել է Եվրոպա և 1670 թվականին (Լիվոռնոյում) հանձնել Ոսկան Երևանցու տնօրինությանը։ Մաթեոս Վանանդեցին տպագրական գործ սովորելով, որպես գրաշար, Մարսելում 14 տարի անվճար աշխատել է Սուրբ Էջմիածնի և Սուրբ Սարգսի անվան տպարանում՝ մասնակցելով մոտ 20 անուն հայերեն գրքերի հրատարակությանը։ 1683 թվականին, երբ Մարսելում հայկական տպարանը փակվելու վտանգի տակ էր, Թովմաս Վանանդեցու հանձնարարությամբ գնում է Ամստերդամ, հայկական տպատառեր պատվիրում հունգարացի ականավոր գրաձուլիչ վարպետ Նիկոլաս Քիշին, սարքավորում տպարան և 1685 թվականին հրատարակում Շարակնոց, 1686 թվականին՝ ժամագիրք։ Շուտով նրան են միանում իր ազգականներ Ղուկաս Վանանդեցին (1690 թվականին) և Միքայել Վանանդեցին (1696 թվականին)։ 1694 թվականին Թովմաս Վանանդեցին գալով Ամստերդամ՝ ստանձնել է տպարանի տնօրինությունը։ Մաթեոս Վանանդեցին տպարանում աշխատել է մինչև 1704 թվականը՝ տպագրելով մոտ 15 անուն գիրք (կամ մասնակցելով դրանց տպագրությանը), այդ թվում՝ Մովսես Խորենացու. «Պատմութիւն Հայոց»-ը (1-ին հրատարակությունը 1695 թվական), հայերեն առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացույց»-ը (1695), Ղուկաս Վանանդեցու աշխատությունները՝ «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց...» (1698), «Գանձ չափոյ, կշռոյ...» (1699, աշխարհաբար) և այլն։ Ղուկաս Վանանդեցու հեղինակությամբ գրել է «Ոսկեայ դուռն դպրատան» դասագիրքը (1699), «Բնաբանութիւն իմաստասիրական կամ տարերաբանութիւն...» երկը (1702), նրա հետ կազմել բնագիտական, աստղագիտական, պատմագիտական ու լեզվաբանական այլ երկեր (տես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. 2180, 5024, 6620, 6679, 8120)։ Շարադրել է աստղագիտական-հողաչափական գործիքի (աստրոլաբ) օգտագործման կանոնները։
Հրատարակություններ
Գրականություն
- Հ. Գարեգին Զարպհանալեան, Պատմութիւն հայկական տպագրութեան սկզբնաւորութենէն մինչ առ մեզ, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895։
- Լեո, Հայկական տպագրություն, հտ. 1, Թ., 1904։
- Vannerius J., Note sur une imprimerie Arménienne établie a Amsterdam en 1695, - Révue des bibliothèques et archives de Belgique, fasc. 4, Bruxelles, 1906, pp. 313–314.
- Սարուխան Առաքէլ, Հոլլանդան և հայերը ԺԶ-ԺԹ դարերում, Վիեննա (Ազգային մատենադարան, ՃԺԴ), 1926։
- Թովմասյան Ա. Կ., Ֆիզիկայի հարցերի լուսաբանումը Մատթևոս և Ղուկաս Վանանդեցիների "Բնաբանութիւն իմաստասիրական կամ տարերաբանութիւն" գրքում.- Բնագիտության և տեխնիկայի պատմությունից. Գիտական աշխատությունների ժողովածու, 1964, №3. էջ 96-108։
- Գրիգորյան Մ., Նոր նիւթեր և դիտողութիւններ հրատարակիչ Վանանդեցւոց մասին, Վիեննա, 1969։
- Միրզոյան Հ., XVII դարի հայ փիլիսոփայական մտքի քննական վերլուծություն, Երևան, 1983։
- Kévorkian R. H., Catalogue des «Incunables» arméniens (1511-1695) ou chronique de l’imprimerie arménienne, Genève, 1986.
- Հ. Սահակ Ճեմճեմեան, Հայ տպագրութիւնը և Հռոմ (ԺԷ դար), Վենետիկ-Սբ. Ղազար, 1989 (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 29)։
- Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, ա. մ. Սավալյան, Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտություն, Երևան, 1988։
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012։
- René Bekius, Polyglot Amsterdam printing presses 1620s-1720s: Armenian and jewish printers compared,- "Journal of semitic studies", No. 24 (2008), p. 23-64.
- Էլիզաբեթ Թաջիրյան, Հոլանդիա, - «Հայ գաղթաշխարհի պատմություն» (միջնադարից մինչև 1920-ական թթ.), հատոր երրորդ, Եւրոպայի և Ամերիկայի հայ գաղութները, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2013, էջ 140-172։ ISBN 978-99941-73-76-1