
Quick Facts
Biography
Կիրակոս Ազարյան (1878, Հյուսեյնիկ, Օսմանյան կայսրություն - 1915, Կարին լեռան մոտ), հայ բժիշկ։
Կենսագրություն
Կիրակոս Ազարյանը ծնվել է 1878 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Հյուսեյնիկ գյուղում՝ Ֆերմանյան ընտանիքում։ Մանուկ տարիքում կորցրել է հորը։ Մայրը երկրորդ անգամ ամուսնացել է Խարբերդի նահանգի Մեզիրե (Մեզրե) քաղաքի ավետարանականների հոգևոր հովիվ վերապատվելի Ազարյանի եղբոր հետ։ Նախնական կրթությունն ստացել է Խարբերդում, ապա ավարտել ամերիկացի միսիոներների՝ քաղաքում հիմնած Եփրատ քոլեջը։ 1897 թվականին մեկնել է ԱՄՆ` կրթություն ստանալու։ Սկզբում աշխատել է գործարաններում, այնուհետև սովորել Չիկագոյի, ապա` Սենթ Լուիզի բժշկական համալսարաններում։ Բժշկական կրթությունն ավարտելուց հետո կարճ ժամանակ սովորել է նաև Թենեսի նահանգի Նեշուիլ քաղաքի աստվածաբանական ճեմարանում։ 1911 թվականին վերադարձել է Մեզիրե, ամուսնացել Զապել Ազարյանի հետ։ Մեզիրեում բացել է սեփական բժշկական կլինիկա։ Հետագայում կրկին մեկնել է ԱՄՆ և Սենթ Լուիզի բժշկական համալսարանում մասնագիտացել ակնաբուժության գծով։ 1913 թվականին վերադառնալով Մեզիրե՝ զբաղվել է համաքաղաքացիների բուժմամբ։
Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես, 1914 թվականի աշնանը զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայելու ուղարկվել Կարինի ռազմաճակատը։ Վեց ամիս ծառայելուց հետո, դեռևս նախքան Կարինի հայերի տարագրությունը, ձերբակալվել է և բանտարկվել Կարինի բանտում։ 1915 թվականի գարնանը իր բախտակից 250 մտավորականների (բժիշկներ, դեղագործներ, այլ մասնագետներ) հետ աքսորվել է Մուշ։ Հասնելով Կարին/Խոփ (Քոփ) լեռան մոտ, բոլորը, այդ թվում՝ 37 տարեկան Կիրակոս Ազարյանը, գնդակահարվել են։
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան,Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
- «Հայ բժշկութեան տուած զոհերը», ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919
- Կարոյեան Գ. «Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները)», Պոսթոն, 1957
- Թէոդիկ «Յուշարձան նահատակ մտաւորականութեան», Բ տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985