Khachik Tosunyan
Quick Facts
Biography
Խաչիկ Լևոնի Թոսունյան (1913, Գեղաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1942), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
Խաչիկ Թոսունյանը ծնվել է 1913 թվականին, Արթիկի շրջանի Գյոզալդարա (այժմ՝ Գեղաձոր) գյուղում։ Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, ապա ավարտել է նույն շրջանի Ղփչալի (այժմ՝ Հառիճ) 7-ամյա դպրոցը։ 1928-1930 թվականներին սովորել և ավարտել է Լենինականի Հայկոոպի սննդկոոպմիության տեխնիկումը, միաժամանակ սովորել է երկաթգծի բանֆակում, որն ավարրտելուց հետո մանկավարժական աշխատանքով է զբաղվել Հացիկ (Մոլլա Մուսա) գյուղում, դասավանդել է մաթեմատիկա։ Թոսունյանը ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, սակայն պատերազմն սկսվելու պատճառով կիսատ է թողել ուսումը։
Պատերազմի հենց առաջին օրերից Թոսունյանը զորակոչվել է բանակ և ծառայությունը շարունակել Վրաստանում։ Սակայն շուտով փոխադրվել է նոր կազմավորված 409-րդ Հայկական դիվիզիայի 675-գնդում, որպես քաղղեկի տեղակալ։ Թոսունյանը սկսել է իր մարտական ուղին Մոզդոկի մատույցներից։ Մի քանի անգամ վիրավորվել է, բայց վերադարձել է գունդ։ 1944 թվականից ծառայել է 222-րդ գվարդիական գնդում, մասնակցել է Բեռլինի ուղղությամբ ծավալված մարտերին։ 1942 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։
1946 թվականին Թոսունյանը զորացրվել է բանակից և անցել է մանկանարժական աշխատանքի։ 1946 թվականից սկսած մաթեմատիկա է դասավանդել Այգեշատի, Վերին Խաթունարխի և այլ դպրոցներում։ 1953-1956 թվականներին շարունակել է ուսումը և ավարտել Երևանի հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։
Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Թոսունյանն արժանացել է կառավարական բազմաթիվ պարգևների՝ «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանի և այլ մեդալների։
Պարգևներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան