Hrach Khachatryan
Quick Facts
Biography
Հրաչ Ջանիբեկի Խաչատրյան (1925, Գեղաձոր, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, ԽՄԿԿ անդամ (1959), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
Հրաչ Խաչատրյանը ծնվել է 1925 թվականին Արագածի շրջանի Գեղաձոր գյուղում։ 1938 թվականին ավարտել է հայրենի գյուղի յոթնամյա դպրոցը և ուսումը շարունակել Հնաբերդի, այնուհետև՝ Ախուլայի (այժմ՝ Բերքառատ) միջնակարգ դպրոցում։ 1941 թվականին Արագածի ժողկրթբաժինը Հրաչին ուսուցչական աշխատանքի է նշանակել Սանգյառի յոթնամյա դպրոցում, 1942 թվականից տեղափոխվել է Հնաբերդի միջնակարգ դպրոցը։ Այստեղից էլ զորակոչվել է կարմիր բանակի շարքերը։
1943 թվականի հունվար-հուլիս ամիսներին զինվորական դասընթացներն ավարտելուց հետո մեկնում է ռազմաճակատ։ 26-րդ գվարդիական դիվիզիայի 75-րդ գվարդիական գնդի մարտիկների հետ մասնակցել է Բելոռուսական ԽՍՀ-ի մի շարք քաղաքների ազատագրմանը։ 1943 թվականի դեկտեմբերին Վիտեբսկ քաղաքի մոտ մղված մարտերից մեկում ծանր վիրավորվել էև տեղափոխվել հոսպիտալ, իսկ 1944 թվականին զորացրվել է բանակից, որպես պատերազմի հաշմանդամ։
1944-1945 թվականներից մինչև 1949 թվականը աշխատել է Հնաբերդի միջնակարգ դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ Միաժամանակ ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Աշխատել է Աշտարակի շրջանի Բյուրականի միջնակարգ դպրոցում և Կալինինոյի ժողկրթբաժնում։ 1953 թվականից եղել է Աբովյանի ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ, իսկ 1962 թվականից՝ ֆիզիկամաթեմատիկական դասագրքերի խմբագիր «Լույս» հրատարակչությունում և մաթեմատիկայի ուսուցիչ քիմիատեխնոլոգիական տեխնիկումում։ 1959 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ Աշխատել է Երևանի № 125 դպրոցում։ 1975 թվականից աշխատել է Հայկական ԽՍՀ լուսավորության նախարարության կադրերի բաժնի տեսուչ-մեթոդիստ։
Խաչատրյանը պարգևատրվել է «Խիզախության համար»,«Աշխատանքային արիության համար» և այլ մեդալներով։ Եղել է ժողովրդական կրթության գերազանցիկ։
Պարգևներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ