Hovhannes Poghosyan
Quick Facts
Biography
Հովհաննես Գևորգի Պողոսյան (1895, մարտի 25 - 1948, դեկտեմբերի 3), հայ հասարակական-քաղաքական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է Թիֆլիսում։ 1916 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ 1917 թվականի բուրժուադեմոկրատական հեղափոխություից հետո Թիֆլիսում աշխատակցել է Թիֆլիսի կոմիտեի օրգան «Բանվորի կռիվը» թերթին։
1921 թվականին Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո անցել է մանկավարժական և հասարակական-քաղաքական աշխատանքի։ Մինչև 1924 թվականը վարել է 76-րդ աշխատանքային դպրոցի տեսչի պաշտոնը՝ համատեղությամբ աշխատելով նաև Թիֆլիսի ժողկրթբաժնում և ուսուցիչների արհմիությունում։ Այնուհետև կուսակցական պաշտոններ է վարել Վրաստանի կոմունիստական կուսակցության Թիֆլիսի քաղաքային կոմիտեում, ապա՝ Վրաստանի կոմկուսի կենտկոմում, կուսակցության Անդրկովկասյան երկրկոմում և այլն։ 1932 թվականից միաժամանակ խմբագրել է Վրաստանի կոմկուսի կենտկոմի օրգան «Պրոլետար» հայերեն օրաթերթը։
Վրաստանում ապրած տարիներին մասնակցել է Թիֆլիսի Հայ արվեստի տան աշխատանքներին և գլխավորել Վրաստանի գրողների միության հայկական բաժինը։ 1922 թվականից մի քանի տարի եղել է Թիֆլիսի «Կարմիր ծիլեր» հայերեն մանկական ամսագրի խմբագիրը։ 1920-ականների երջերինհամատեղության կարգով աշխատել է որպես Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավար։
1934 թվականից եղել է ՀԿԿ օրգան «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր, ապա՝ ՀԿԿ կենտկոմի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ, իսկ 1946-48-ին՝ ԵՊՀ ռեկտոր։
Կուսակցական և պետական պատասխանատու աշխատանքների հետ միասին դասավանդել է Անդրկովկասյան կոմունիստական համալսարանում, ԵՊՀ-ում, կուսակցական դպրոցում, կոնսերվատորիայում և այլուր։
Վախճանվել է Երևանում։ Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը կոչվում է նրա անունով։
Աղբյուրներ
- Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 15-16։