
Quick Facts
Biography
Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենց (մոտ 1610-ականներ, Նոր Ջուղա - 1660-ականներ, Նոր Ջուղա), հայ տպագրիչ, մշակութային գործիչ։ Սովորել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում, աշակերտել Խաչատուր Կեսարացուն։ Աշխատել է վերջինիս՝ 1636 թ.-ին հիմնադրած տպարանում, մասնակցել Նոր Ջուղայում լույս տեսած առաջին հայկական գրքերի՝ Սաղմոսարանի (1638) և «Հարանց վանքի» (1641 թ.) տպագրությանը։ 1639 թ.-ին Խաչատուր Կեսարացին նրան ուղարկել է Իտալիա։ Հռոմի վարպետներին Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենցը պատրաստել է տվել հայկական տպատառեր, պատկերների տպատախտակներ, ձեռք բերել տպագրական սարքեր և Լիվոռնոյում 1644 թ.-ին լույս ընծայել Սաղմոսարան։ Տպարանը տեղափոխել է Նոր Ջուղա, որտեղ 1647 թ.-ին տպագրել է «Պարզատումար» (նորջուղայեցիների և հնդկահայերի օգտագործած տոմարացույցը)։ Տեղեկություններ կան, որ առաջինն է սկսել տպագրել Աստվածաշունչը, որը սակայն, անավարտ է մնացել։ 1660-ական թթ. 2-րդ կեսին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Ջուղայի առաջնորդ, որտեղ և նահատակվել է մի հայ աղջկա փրկելիս։ Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենցի տպատառերի և տպատախտակների մի մասը պահպանվել է (գտնվում են Նոր Ջուղայի հայկական թանգարանում)։
Գրականություն
- Զարբհանալյան Գ., Պատմութիւն հայկական տպագրութեան, Վենետիկ-Սբ. Ղազար, 1895 թ.
- Լևոն Մինասեան, Նոր Ջուղայի տպարանը, Նոր Ջուղա, 1972 թ.
- Կարապետ եպս. Ամատունի, Ոսկան վրդ. երևանցի և իր ժամանակը. Լուսաւոր էջ մը ԺԷ. դարու հայ եկեղեցական պատմութենէն, Վենետիկ-Սբ. Ղազար, 1975 թ. (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 9)։
- Հ. Սահակ Ճեմճեմեան, Հայ տպագրութիւնը և Հռոմ (ԺԷ դար), Վենետիկ-Սբ. Ղազար, 1989 թ. (Հայագիտական մատենաշար «Բազմավէպ» թիւ 29)։ Ն. Ա. Ոսկանյան, Ք. Ա. Կորկոտյան, Ա. Մ. Սավալյան, Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտություն, Երևան, 1988 թ.
- Ռաֆայել Իշխանյան, Հայ գրքի պատմություն, հատոր 1, Հայ տպագիր գիրքը 16-17-րդ դարերում, Երևան, 2012 թ.
- Raymond H. Kévorkian, Catalogue des «incunables» arméniens, 1511-1695 ou Chronique de l'imprimerie arménienne, avec Jean-Pierre Mahé, Genève։ P. Cramer. 1986.
- Raymond H. Kévorkian, Le livre arménien à travers les âges, avec Jean-Pierre Mahé, Catalogue de l'Exposition Marseille 1985.
- Lane, John A., The Diaspora of Armenian Printing 1512-2012, Amsterdam: Special Collections of the University of Amsterdam, 2012.
- Vrej Nersessian, Catalogue of Early Armenian Books, 1512-1850, The British Library, 1980. ISBN 0904654354
- Էդիկ Բաղդասարյան։ Իրանահայ տպագրություն։