Haykaz Adamyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայկազ Ադամյան (այլ կիրառումներ)
Հայկազ Ադամյան Իսահակի (1914, օգոստոսի 23, գ. Մաղավուզ - 1999, ապրիլի 5, Երևան), հայ երկրաբան, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1967): Հայաստանի լրագրողների միության անդամ:
Կենսագրություն
Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա Մարտակերտի 7-ամյա դպրոցում: Մինչև 1930 թվականը աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) տեքստիլ կոմբինատում՝ միաժամանակ ստանալով միջնակարգ կրթություն:
1933-1936 թվականներին ծառայել է կարմիր բանակի առաջին հայկական գնդում: 1941 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը և աշխատանքի անցել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, արժանացել մի շարք մարտական շքանշանների ու մեդալների: 1949 թվականին ավարտելով Մոսկվայի երկրաբանական ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նշանակվել ՀԽՍՀ ԳԱ երկրաբանության ինստիտուտի գիտքարտուղար:
1950 թվականին տեղափոխվելով ԵՊՀ՝ աշխատել է երկրաբանության ֆակուլտետի հանքաբանության և պետրոգրաֆիայի ամբիոնի դոցենտ, ֆակուլտետի դեկանի տեղակալ, իսկ 1963-1967 թվականներին համալսարանի գիտահետազոտական բաժնի վարիչ: 1967-1979 թվականներին եղել է ԵՊՀ երեկոյան և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր, կյանքի վերջին տարիներին ԵՊՀ պատմության թանգարանի ավագ գիտաշխատող:
Գիտական հետազոտություններն հիմնականում վերաբերում են Հայաստանի հարավային տարածքի երկրաբանական կառուցվածքին: Այդ աշխատանքներն ամփոփված են Մեղրու շրջանի ալվալային ապարների պետրոգրաֆիային նվիրված նրա մենագրության մեջ, բազմաթիվ հոդվածներում ու հաշվետվություններում: Նա ստեղծել է «Պետրոլոգիա» (Ե., 1970) դասագիրքը, կազմել տարբեր շրջանների խոշոր մասշտաբների երկրաբանական-պետրոգրաֆիական քարտեզներ: Նրա մի շարք աշխատություններ տպագրված են «Հայկական ԽՍՀ երկրաբանություն» բազմահատորյակի 43-րդ և 48-րդ հատորներում:
Արցախ գրական ծածկանունով 1984 թվականին լույս է տեսել նրա «Քարեր, ծաղիկներ, սեր» արձակ բանաստեղծությունների ժողովածուն։