Hasmik Ghazaryan
Quick Facts
Biography
Հասմիկ Արմենի Ղազարյան (հունիսի 11, 1946, Երևան), հայ նկարչուհի-գոբելենագործ։
Կենսագրություն
1962-1964 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանում։ 1969 թվականին ավարտել է Մոսկվայի Ստրոգոնովի անվան պետական գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի ինտերիերի ֆակուլտետը։ 1970 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1989-1994 թվականներին՝ ՀՊՄԻ-ում, 2003 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 1979 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Հասմիկ Ղազարյանի աշխատանքները գտնվում են Սարդարապատի թանգարանում, Մոսկվայի Ռուսական դեկորատիվ արվեստների թանգարանում, մասնավոր հավաքածուներում (Երևան, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նյու Յորք, Լոս Անջելես, Կիև և այլն)։
Ստեղծագործություններ
Հասմիկ Ղազարյանի «Հայաստանի քարեր» (1987), «Ճանապարհորդություն» (1991) շարքերը, «Երևան» (2002) եռանկարը, «Զանգեզուր» (1976), «ժամանակակից Հայաստան» (շարք, 1981 թվականից, ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1987), «Ուռենիներ » (1997), «Վարդեր» (2001) աշխատանքներն արժևորվում են նրանով, որ հաստատում են ժամանակակից որմնագորգի (tapestry) ազգային ձևը։
Կարապետ Եղիազարյանի հետ ստեղծել է «Երգ Հայաստանի» (1984) գոբելենը (Գյումրիի դրամատիկ. թատրոն), «Շախմատ» շարքը (1985, Երևանի շախմատի տուն), Թեղենիք գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու խորանի (2003), «Ծաղկիր իմ երկիր» (Ուստ Կամենոգորսկ քաղաքի թատրոն, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի դիպլոմ, 1979) վարագույրները, մասնակցել (Գրիգոր Խանջյանի, Կարապետ Եղիազարյանի հետ) «Վերածնունդ» գոբելենային վարագույրի (1986, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր) ստեղծմանը։
Ցուցահանդեսներ
1970 թվականից Ղազարյանը մասնակցում է ցուցահանդեսների ՀՀ և արտերկրում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Թիֆլիս, Ռիգա, Լոս Անջելես, Հնդկաստան, Գերմանիա, Շվեդիա և այլն)։
Ղազարյանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների ՀՀ-ում, ինչպես նաև միջազգային սիմպոզիումների /Էրֆուրտ (1978), Լոզան (1979), Սոմբատհեյ (Հունգարիա, 1983), տեքստիլ ցուցահանդեսների (Քյոսեգ, Բուդապեշտ 1983), 1984 թվականին Ռիգայում կայացած 2-րդ միջազգային տեքստիլ արվեստի սիմպոզիումին։
Անհատական ցուցահանդեսներ
- Մոսկվա (1994)
- ԱՄՆ (2001)
- Երևան (2002)