Haroutioun Halvadjian
Quick Facts
Biography
Հարություն (Արթին) բեյ Հալվաճյան (Հելվաճյան 1850 (1865), Տիգրանակերտ, Տիգրանակերտի նահանգ - 1915), հայ վիրաբույժ։
Կենսագրություն
Ծնվել է 1850 (1865) թվականին Տիգրանակերտի նահանգի կենտրոն Տիգրանակերտ (Դիարբեքիր) քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Սբ. Կիրակոս եկեղեցու ազգային վարժարանում։ Ավարտել է նաև տեղի թուրքական իդադիեն (միջնակարգ դպրոցը)։
Մոտավորապես 1890 թվականին ավարտել է Կ. Պոլսի Կայսերական բժշկական վարժարանը և ստացել «թոփչիի» (հրետանու սպայի) զինվորական կոչում։ Մասնագիտությամբ եղել է վիրաբույժ։ Ավարտելուց անմիջապես հետո զինվորական ծառայության է անցել օսմանյան բանակում։ Երկար տարիներ Օսմանյան կայսրության մի շարք քաղաքներում գտնվող զինվորական հիվանդանոցներում ծառայել է որպես զինվորական բժիշկ։
Գնդապետի զինվորական կոչում և բժշկապետի տիտղոս է ունեցել։ Ծառայել է օսմանյան բանակի Մեզիրեի զինվորական հիվանդանոցում։ Եղել է Խարբերդի գավառի կառավարիչ (կայմակամ)։ Հարյուրավոր թուրք քաղաքացիներ ու զինվորականներ փրկվել են նրա հմուտ վիրահատությունների շնորհիվ։ Օսմանյան կայսրության պատերազմական նախարարությունից արժանացել է բեյի տիտղոսին։
1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, իր դեղագործ եղբոր հետ միասին, 5-րդ կոլ-օրդուի (ենթաբանակի) բժշկապետի պաշտոնով ուղարկվել է Կովկասյան ռազմաճակատը։ Այստեղ օսմանյան բանակի պարտությունից հետո հայ զինվորական բժիշկների ներկայությունը ռուսական սահմանի մոտ համարվել է կասկածելի, և գնդապետ բժիշկը ուղարկվել է Խարբերդ ու Մեզիրեի զինվորական հիվանդանոցի բժշկապետ նշանակվել։ Այստեղ նա մեծ ծառայություն է մատուցել օսմանյան բանակում ժանտախտի համաճարակի դեմ պայքարելու և հազարավոր թուրք զինվորների կյանքը փրկելու գործին, ինչի համար արժանացել է զինվորական իշխանության գնահատանքին։
Թուրք պաշտոնակից բժիշկների զրպարտանքների հետևանքով բժիշկը հետ է ուղարկվել իր ծննդավայրը՝ ծառայելու տեղի զինվորական հիվանդանոցի բժշկապետ։ Հարություն Հալվաճյանն իրեն ուղեկցող թուրք զինվորականների հետ կառքով ճանապարհ է ընկել դեպի Տիգրանակերտ, որի մոտակա Դևե բոյնու (Ուղտի վիզ) տեղանքում չեթեները (ավազակները) հարձակվել են կառքի վրա, իսկ թուրք զինվորները դիմադրություն ցույց չեն տվել։ Չեթեները բժշկին կողոպտելուց հետո վայրագորեն սպանել են նրան ու մարմինը ձորը նետել։
Այլ տվյալով՝ 1915 թ. հուլիսին սպանվել է Խարբերդում կամ Գեղվանքի մոտ, իր աշխատավայրում՝ մոտ 55 տարեկանում։
Գրականություն
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները),Պոսթոն, 1957։
- Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առողջապահություն», Երևան, 1965, թ. 4։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուրներ
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։