Hakob Melik
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Մելիք (այլ կիրառումներ)
Հակոբ Մելիք (1817, Վան - մահվան թիվն անհայտ), ռումինահայ հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության մասնակից։
Կենսագրություն
Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Ճարտարապետի բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում։ 1840-ական թվականների կեսին Մելիքը հրավիրվել է Բուխարեստ, 1847 թվականին նշանակվել Վալաքիայի ինժեներական բաժնի ճարտարապետ։ Վալաքիայի 1848 թվականի հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված դեմոկրատական ակումբի քարտուղար։ Մելիքի տանը գումարվել են գաղտնի ժողովներ, կազմակերպվել զինված ջոկատներ։ Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից։ 1857 թվականին վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա։ 1860 թվականին ընտրվել է Վալաքիայի պառլամենտի անդամ։ 1847 թվականին, ապա 1858 թվականից եղել է Բուխարեստի հայկական համայնքի հոգաբարձության ղեկավարը։ Մելիքը նախագծել է Բուխարեստի Ազգային թատրոնի շենքը (չի կառուցվել), Հաղթական կամարը (1848), Կ․ Պոլսում՝ Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850), Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857) և այլն։
Հրատարակել է «Արևելքն Արևմուտքի առջև» (ֆրանսերեն, 1856) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի ունեցած դերին և նրանց թշվառ վիճակին։ Միաժամանակ, Մելիքը պատրանքներ է կապում Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 385)։ |