Hakob Antonyan
Quick Facts
Biography
Հակոբ Ս. Անտոնյան (1887, հունվարի 21 - 1967, դեկտեմբերի 4, Նյու Յորք), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։
Կենսագրություն
Ծնվել է Կ. Պոլսում։ Ուսումը ստացել է Ռոբերտ քոլեջում։ 1906 թվականին ավարտել է քոլեջը, զբաղվել մանկավարժական աշխատանքով, ապա պաշտոնավարել Կ. Պոլսի ամերիկյան դեսպանատանը։ 1916 թվականին ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հետ, որի անձնական քարտուղարն էր, մեկնել է ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու Յորքի համալսարանում։
Բանաստեղծություններով, հոդվածներով աշխատակցել է հայկական մամուլին («Շանթ», «Հայաստանի կոչնակ», «Հայ կին», «Անահիտ», «Նոր գիր» և այլն)։ 1920 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Բյուրեղներ» վերնագրով։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, իր կնոջ՝ Ժանին Մեյի (Ժանն Անտոնյան) պատմվածքներից մի քանիսը նրա թարգմանությամբ լույս են տեսել «Հայ կին» և «Հայաստանի կոչնակ» պարբերականներում։ Թարգմանություններ է կատարել Շառլ Բոդլերից, Հենրի Լոնգֆելլոյից, Շեքսպիրից, Վիկտոր Հյուգոյից և ուրիշներից։ Շելլիի «Պրոմեթեոս արձակած» երկը նրա չափածո թարգմանությամբ լույս է տեսել Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում։
Օգտագործել է Ա., Ասուրհակոբ Անտոնբալ, Յ. Ա., Յ. Ս. Ա. ծածկանունները։