H. Avetisyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԱվետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Հայկ Գրիգորի Ավետիսյան, (մայիսի 1, 1956(1956-05-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազգագրագետ,հնագետ: Պատմական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003)։
Կենսագրություն
Ծնվել է 1956 թվականի մայիսի 1-ին Երևանում: 1973 թվականին ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, ապա ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է 1983 թվականին։ Այնուհետև նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի հեռակա ասպիրանտուրա։ 1985 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1995-2003 թվականներին եղել է ԵՊՀ գիտքարտուղար: 2003 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2004-2009 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան։ 2009 թվականից մինչ օրս Երևանի պետական համալսարանի Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչն է։
Գիտահետազոտական գործունեությունը
Հայկ Ավետիսյանը հայտնի է որպես հմուտ հնագետ: Նա գործուն մասնակցություն է ունեցել Թալինի, Օշականի, Արենիի պեղումներին, ղեկավարել Արագածի, Արամուսի, Այգեշատի հնագիտական արշավախմբերը: Հայկ Ավետիսյանը հեղինակ է Հայաստանի և Առաջավոր Ասիայի մ. թ ա. առաջին հազարամյակի կեսի մշակույթին նվիրված հրապարակումների: Այս հետազոտություններում նա հմտորեն համադրելով հնագիտական և պատմագիտական նյութը՝ հանգել է մի շարք կարևորագույն հետևությունների: Պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր: Հարավային Կովկասի նմանօրինակ հաստատությունների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում պրոֆեսոր Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ արդյունաշատ աշխատանքներ իրականացնող ԵՊՀ հնագիտության գիտահետազոտական լաբորատորիան: Հայկ Ավետիսյանի ղեկավարությամբ մեծապես ընդլայնվեցին ԵՊՀ Պատմության ֆակուլտետի, մասնավորապես՝ Հնագիտության և Ազգագրության ամբիոնի միջազգային կապերը /Ինսբրուկի, Կալիֆորնիայի համալսարաններ/: Այդ կրթօջախների մասնակցությամբ պեղումներ են իրականացվել ՀՀ Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում և այլուր: Պրոֆեսոր Հայկ Ավետիսյանը մի շարք գիտական խորհուրդների անդամ է, միջազգային հնագիտական արշավախմբերի գիտական ղեկավար, գիտական ամսագրի խմբագիր:
Պարգևներ
- Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ, 2006:
Երկեր
- Արամուս, Հալեպ, 2012, 66 էջ - http://www.armin.am/images/menus/1093/Av-Aramus1.pdf
- Արագած (Ուրարտական ամրոցի պեղումներ), Երևան, 2001, 232 էջ:
- Հայկ Ավետիսյան, Արսեն Բոբոխյան, Ուրարտուի հնագիտություն (ամրոց–բնակավայրեր և դամբարանային համալիրներ), Երևան, 2010, 216 էջ:
- Հայկ Ավետիսյան, Արտակ Գնունի, Արսեն Բոբոխյան, Գագիկ Սարգսյան, Բրոնզ–երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը, Երևան, 2015:
- Հայկ Ավետիսյան, Պավել Ավետիսյան, Արարատյան դաշտի մշակույթը մ. թ. ա. XI – VI դարերում, Երևան, 2006, 396 էջ:
- Արագածի և Արամուսի պաշտամունքային կառույցներն ու քարակոթողները, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2002, թիվ 2, էջ 52-56: - http://ysu.am/files/06H_Avetisyan.pdf
Գրականություն
- Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդիկ Մինասյան, Երևան, 2009, էջ 152-153։