Grisha Muradyan
Quick Facts
Biography
Գրիշա Արտեմի Մուրադյան (1919, Վերին Գետաշեն, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Գրիշա Մուրադյանը ծնվել է 1919 թվականին Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղում։ 1937 թվականին ավարտել է Վարդենիսի շրջանի Վարդենիս ավանի միջնակարգ դպրոցը և նշանակվել Սուխումի շրջանի Աչադարա գյուղի տարրական դպրոցի վարիչ և հայոց լեզվի ուսուցիչ։
1939 թվականի հոկտեմբերին Մուրադյանը զորակոչվել է կարմիր բանակ։ Պատերազմի տարիներին թշնամու դեմ մարտնչել է տարբեր ռազմաճակատներում՝ Հարավ-Արևմտյան, Կովկասյան, 2-րդ Բելոռուսական։ Պատերազմի սկզբից մինչև հաղթական ավարտը ծառայել է 384-րդ առանձին կապի գումարտակում, որն արժանացել է Թամանյան անվանակոչման և պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մասնակցել է Մոզդոկ, Մալգոբեկ, Կերչ, Սևաստոպոլ քաղաքների ազատագրման և Քյոնիգսբերգ քաղաքի գրավման մարտերին։ Մուրադյանը Կերչ և Սևաստոպոլ քաղաքներն ազատագրելու ժամանակ գլխավորել է կապի գծային վաշտը և, մերձծովյան բանակի շտաբի և գործող դիվիզիաների միջև անխափան հեռախոսային կապ ապահովելու համար, 1944 թվականին պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մասնակցել է 2-րդ Բելոռուսական ռազմաճակատի մարտական գործողություններին Լեհաստանի և Գերմանիայի տերիտորիաներում։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար», «Քյոնիգսբերգի գրավման համար» և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։
1945 թվականի դեկտեմբերին Մուրադյանը զորացրվել է և նորից անցել մանկավարժական աշխատանքի։ Նշանակվել է Գեղհովիտի յոթնամյա դպրոցի տնօրեն։ 1954 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով։ 1955 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի ռուսական բաժնի լեզվագրական ֆակուլտետը և երկար տարիներ ռուսաց լեզու և գրականություն դասավանդել միջնակարգ դպրոցի բարձր դասարաններում։ 1967 թվականին աշխատել է Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, եղել է արտադասարանական-արտադպրոցական դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ։
Մահացել է 2000 թվականի սեպտեմբերի 5-ին։
Պարգևներ
- Կարմիր աստղի շքանշան
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
- «Քյոնիգսբերգի գրավման համար» մեդալ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ