Grigor Tsaghkogh
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր (մանրանկարիչ) (այլ կիրառումներ)
Գրիգոր (անհայտ - անհայտ), XIII դարի հայ մանրանկարիչ։ Կենսագրական տվյալներ չեն պահպանվել։ 1232 թվականին նկարազարդել է մի ձեռագիր (Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան № 2743), որ հայտնի է «Թարգմանչաց Ավետարան» անունով (Արցախի թարգմանչաց վանքում պահվելու պատճառով)։ Ձեռագիրն իր մանրանկարների գեղանկարչական արտակարգ արժանիքներով հանդիսանում է հայկական միջնադարյան մանրանկարչության գլուխգործոցներից մեկը։ Նկարչի վարպետությունը արտահայտվել է գունային անկրկնելի լուծումների մեջ։ Հագեցած և հարուստ ներկապնակի միջոցով, ինչպես և պատկերված անձանց հոգեկանը բացահայտելով՝ Գրիգորը ստեղծել է դրամատիկական լարվածությամբ օժտված հորինվածքներ, յուրովի արտացոլել ժամանակաշրջանին բնորոշ ընդհանուր տրամադրությունը, երբ երկրին սպառնում էր նոր զավթիչների՝ թաթարմոնղոլների արշավանքը։ Հատկանշական է, որ անգամ տոնական շարքի մեջ ամենաուրախ՝ «Ավետման» տեսարանը ևս լի է դրամատիզմով։ Հորինվածքների թե՛ գծային, թե՝ գունային լուծումները ենթարկված են երկիմասաային բացահայտման։ Առավել հաջողված են «Խորհրդավոր ընթրիք», «Դժոխքի ավերում» և «Ավետումն» տեսարանները։ Մեծ վարպետությամբ են կատարված նաև մատյանի զարդանկարները՝ խորաններ, անվանաթերթեր, լուսանցազարդեր, զարդագրեր։ Հայտնի զարդաձևերի հետ մեկտեղ նկարիչը ստեղծել է նոր տարբերակներ։ Խորաններից մեկի մեջ կարդացվում է ծաղկողի անունը։