Grigor Keshishyan
Quick Facts
Biography
Գրիգոր Սամվելի Քեշիշյան (տոհմական ազգանունը՝ Աջապահյան, օգոստոսի 12, 1921(1921-08-12), Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունվարի 14, 1980(1980-01-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1946)։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից։ Սերում է Հայկական Կիլիկիայի Աջապահյան հնամենի տոհմից։
Կենսագրություն
Ծնվել է Հայկական Կիլիկիայի Ադանա քաղաքում։ Հայրը, որ բնիկ վահկացի էր, եղել է Սիսի 1921 թվականի ինքնապաշտպանական հերոսամարտի ղեկավարներից։
Գրիգոր Քեշիշյանը 1935 թվականին ավարտել է Բեյրութի Սահակյան վարժարանը, 1941 թվականին՝ Նիկոսիայի (Կիպրոս) Մելքոնյան կրթական հաստատությունը։ 1941—1943 թվականներին Բեյրութում աշխատել է իբրև գրագիր։ 1943—1946 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության բաժինը։ 1953—1957 թվականներին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, նախ որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ։ 1957-1958 թվականներին «Առողջապահություն» ամսագրում եղել է ոճաբան, 1958—1962 թվականներին՝ Հայպետհրատում խմբագիր, 1962—1964 թվականներին՝ արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում մամուլի բաժնի վարիչ, 1964—1970 թվականներին՝ սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում մամուլի բաժնի վարիչ, 1970—1980 թվականներին՝ Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունում որպես ժողկրթության, հոգեբանության և մամուլի բաժնի վարիչ։ 1967—1968 թվականների ուսումնական տարում, համատեղության կարգով, սփյուռքահայ մամուլ է դասախոսել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում։
Գ. Քեշիշյանի առաջին պատմվածքը՝ «Ծառս ծիրանի», լույս է տեսել 1940 թվականին, Նիկոսիայի «Այգ» պարբերականում։
Ռուսերեն առանձին գրքով հրատարակվել է նրա «Կղզի նման չիք Կիպրիա» երկը (Մոսկվա, 1974)։
Մահացել է Երևանում։
Գ. Քեշիշյանի երկերի մատենագրությունը
- Մեծ ճանապարհի վրա, Երևան, Հայպետհրատ, 1948, 103 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1954, 215 էջ։
- Աշխարհի ապագա չեմպիոնները, Երևան, Հայպետհրատ, 1962, 16 էջ։
- Քեզանից հեռու, քեզ հետ, Երևան, Հայպետհրատ, 1962, 278 էջ։
- Հայաստանցի 8 երիտասարդ արձակագիրներ (գրքում ընդգրկված է Գ. Քեշիշյանի համառոտ կենսագրականը, լուսանկարը և նրա «Այգեպանը», «Տխրություն», «Հանդիպում» պատմվածքները), Բեյրութ, տպարան «Սևան», 1969, 311 էջ։
- Կղզի նման չիք Կիպրիա, Երևան, «Հայաստան», 1970, 216 էջ։
- Տնակը կռունկի վրա (պատմվածքներ ու նովելներ), Երևան, «Հայաստան», 1975, 256 էջ։
- Երկնքում շատ աստղեր կան, Երևան, «Սովետական գրող», 1977, 112 էջ։
- Կտակը (պատմվածքներ և վիպակներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 224 էջ։
Գ. Քեշիշյանի կատարած թարգմանությունները (անգլերենից)
- Վիլյամ Սարոյան, Մարդկային կատակերգություն (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 236 էջ։
- Վիլյամ Սարոյան, Ժամում 60 մղոն (ժողովածուի մեջ մտնող «Սպիտակ ձիու ամառը գործը թարգմել է Գ. Քեշիշյանը), Երևան, Հայպետհրատ, 1959, 220 էջ։
- Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է (պիեսների ժողովածու, որի մեջ մտնող «Ջիմ Դենդի» պիեսը թարգմանել է Գ. Քեշիշյանը), Երևան, Հայպետհրատ, 1963, 356 էջ։
- Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները, Երևան, Հայպետհրատ, 1964, 241 էջ։
- Մարկ Տվեն, Թոմ Սոյերի արկածները։ Լ Հեքլբերի Ֆիննի արկածները (գրքի մեջ մտնող «Թոմ Սոյերի արկածները» վիպակը թարգմանել է Գ. Քեշիշյանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 552 էջ։
- Ռ. Մարտին Դյու Գար, Թիբոները (վեպ, թարգմանության հեղինակակից Աբրահամ Ալիքյան), Երևան, «Սովետական գրող», 1984, 816 էջ։
Աղբյուրներ
Չափորոշչային վերահսկողություն | |
---|---|
Չափորոշչային վերահսկողություն |