Gourgen Mirzoyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Գուրգեն Միրզոյան (այլ կիրառումներ)
Գուրգեն Հովհաննեսի Միրզոյան (1892, մայիսի 20, Թիֆլիս - 1976, նոյեմբերի 27, Երևան), հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950)։
Կենսագրություն
Սովորել է Ներսիսյան դպրոցում, աշակերտել Գրիգոր Սյունուն: 1924 թվականին ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիան, դասատուներ՝ Մ․ Մ․ Իպոլիտով-Իվանով (ստեղծագործություն), Քրիստափոր Քուշնարյան (պոլիֆոնիա)։ 1937-1939 թվականներին ղեկավարել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների նվագախումբը, մասնակցել Մոսկվայում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակին։ 1941-1943 թվականներին եղել է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի տեսական առարկաների դասատու, 1950-1958 թվականներին՝ նաև ուսումնական մասի վարիչ։ Միրզոյանի նախաձեռնությամբ երաժշտական ուսումնարանում կազմակերպվել է արևելյան գործիքագիտության և գործիքավորման դասընթաց։ Գրել է սիմֆոնիկ («էսքիզ», «Սյուիտ», 1944), դաշնամուրային («Մանրապատումներ», 1947, «Պրելյուդներ», 1949) երկեր, լարային կվարտետ (1950), կոնցերտ թառի (1954), ֆանտազիա քամանչայի (1956), ստեղծագործություններ ժող․ գործիքների նվագախմբի համար, երգեր, խմբերգեր։
Պարգևներ
- Պատվո նշան շքանշան
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 618)։ |