Gevorg Hajyan
Quick Facts
Biography
Գևորգ Սուրենի Հաջյան (մարտի 27, 1947(1947-03-27), Ջրառատ, Արմավիրի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս-տեսաբան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003), պրոֆեսոր (2003):
Կենսագրություն
Գևորգ Հաջյանը ծնվել է 1947 թվականի մարտի 27-ին, Ջրառատ (Հայաստան, Արմավիրի մարզ) գյուղում: 1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1970-1971 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ: 1971-1974 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում, 1974-1977 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ: 1976 թվականին եղել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու («Գերխիտ երկնային մարմինների արագ պտույտի և սառչելու տեսության վերաբերյալ»), 1977-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2001-2012 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են գերխիստ երկնային մարմինների ֆիզիկային, մասնավորապես ուսումնասիրել է ջերմ նեյտրոնային աստղերը և սպիտակ թզուկների սառեցման երևույթը, պիոնային և տարօրինակ աստղերի մակերևութային լիցքավորված շերտի կառուցվածքը և դրանց դիտողական դրսևորումները: Հաշվարկել է պտտվող և տատանվող սպիտակ թզուկների ու նեյտրոնային աստղերի ճառագայթած գրավիտացիոն ալիքների ինտենսիվությունը, բևեռացումը և տևողությունը: Հետազոտել է Թորն Ժիտկովի օբյեկտների նմանակ՝ կենտրոնում նեյտրոնային աստղի փոխարեն տարօրինակ աստղ պարունակող կարմիր գերհսկայի ներքին կառուցվածքը, արտաքին դրսևորումներն ու կյանքի տևողությունը:
Անդամակցություն
- Հայաստանի ֆիզիկոսների ընկերության անդամ
- ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի գիտական և մեթոդական խորհրդների անդամ
- Proceedings of the YSU (Physical and Mathematical Sciences) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
- 2015 թվականից «Երևանի Պետական Համալսարան» հիմնադրամի հոգաբարձունների խորհրդի անդամ
Պարգևներ
- Երևանի պետական համալսարանի պատվոգիր
- ՀՀ ԿԳ նախարարության պատվոգիր
- Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ
Աշխատությունններ
- Ալիքային պրոցեսների տեսության հիմունքներ: Դասագիրք / Գ. Հաջյան: Երևանի պետական համալսարան: Երևան: ԵՊՀ հրատ., 2013: ISBN: 9785808418011
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ «Գևորգ Սուրենի Հաջյան»։ www.ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2019-07-17
- ↑ «Գևորգ Սուրենի Հաջյան»։ ysu.am։ Վերցված է 2019-07-17
- ↑ Հաջյան Գևորգ Սուրենի (2013)։ Ալիքային պրոցեսների տեսության հիմունքներ: Դասագիրք։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ։ ISBN 9785808418011