Gerog Warjapetjan
Quick Facts
Biography
Գևորգ Վարժապետյան (1895, Բաղդադ- հոկտեմբերի 12, 1947, Աթենք), հայ բժիշկ։
Կենսագրություն
Ծնվել է 1895 թվականին Բաղդադում` վիրաբույժի ընտանիքում։ Պատանեկության տարիներն անցել են Հալեպում։ Ավարտել է Հալեպի ազգային վարժարանը, այնուհետև Հալեպի Ֆրերների միջնակարգ դպրոցը։ Սովորել է Դամասկոսի բժշկական վարժարանում։ 1916 թվականին ուսումը շարունակել և ավարտել է Կոստանդնուպոլսի բժշկական համալսարանը և ստացել բժշկի վկայական։
1916 թվականին, երբ ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, զորակոչվել է թուրքական բանակ և Անատոլուի տարբեր հիվանդանոցներում ծառայել որպես զինվորական բժիշկ։ Գերի է վերցվել անգլիական զորքի կողմից։ Որպես ռազմագերի անգլիական հիվանդանոցում ծառայել է վիրաբույժ։ 1918 թվականին` պատերազմի ավարտից հետո, ազատվել է գերությունից։ Այնուհետև ծառայել է Կ. Պոլսում, Դարդանելում, Մայտոսում։
1923 թվականի հաստատվել է Հունաստանի Սելանիկ (Սալոնիկ) քաղաքում, որտեղ և աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ Սելանիկում ունեցել է իր սեփական հիվանդանոցը։ Եղել է հմուտ և բազմաշնորհ վիրաբույժ, սիրված ու հարգված քաղաքացի։
1947 թվականին եղել է Հունաստանի Սելանիկ քաղաքից դեպի Խորհրդային Հայաստան ներգաղթող քարավանները կազմակերպող հանձնախմբի ղեկավարը։ 1947 թվականի հոկտեմբերի 12-ին Աթենքում հանկարծամահ է եղել Եվրոպա կատարած ճամփորդությունից վերադառնալիս։ 1947 թվականի հոկտեմբերի 19-ին թաղվել է Սելանիկի գերեզմանոցում։ Եղել է 52 տարեկան։
Գրականություն
Գէորգեան Կարօ, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1960։
Աղբյուր
Հարություն Մինասյան,Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։