Gaspar Ter-Margaryan
Quick Facts
Biography
Գասպար Հովհաննեսի Տեր-Մարգարյան (1856, Շրվենանց, Սյունիքի մարզ, Հայաստան - 1935, Նիս), հայ նավթարդյունաբերող, ազգային բարերար: 1889 թվականին Բաքվում հիմնել է «Արամազդ» և «Բարեկամություն» (1901 թվականից՝ «Նավթ») փայատիրական ընկերությունները և եղել դրանց վարչությունների անփոփոխ նախագահը:
Կենսագրություն
Գասպար Տեր-Մարգարյանը ծնվել է 1856 թվականին Շրվենանց (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում: 1889 թվականին Բաքվում հիմնել է «Արամազդ» և «Բարեկամություն» (1901 թվականից՝ «Նավթ») փայատիրական ընկերությունները և եղել դրանց վարչությունների անփոփոխ նախագահը: 20-րդ սկզբին հիմնադրել է Կովկասի լեռնարդյունաբերական և առևտրային ընկերությունը, որի Կապանի մասնաճյուղը տնօրինել է Նորաշենիկ խմբի վեց խոշոր պղնձահանքերի արդյունաբերական շահագործումը: Անշարժ կալվածներ է ունեցել Բաքվում, Թիֆլիսում և համանուն նահանգներում, Թերեքի շրջանում: Նյութապես օժանդակել է բարեգործական մշակութային, որբախնամ կազմակերպությունների, արվեստագետների, ուսանողների, դպրոցներ, գրադարաններ, ընթերցարաններ է բացել Կապանի մի շարք գյուղերում: Տեր-Մարգարյանի միջոցներով է գործել 1902 թվականին հայրենի Շրվենանցում բացված ծխական երկսեռ երկդասյան ուսումնարանը, Նորաշենիկի աշխատավորության համար բացվել է «Գյուղական բանկը»: Տեր-Մարգարյանը Առաջին աշխարհամարտի (1914-1918) տարիներին խոշոր գումարներ է տրամադրել արևմտահայ գաղթականների օգնության ֆոնդին, վարկավորել վիրավոր զինվորների համար լազարեթների կառուցումը Դիլիջանում, Բաքվում, Սոչիում, Կիսլովոդսկում, Պյատիգորսկում: Հացամթերքով օգնել է Կապանի շրջանի մի քանի գյուղերի սովյալ բնակիչների: Նրա միջոցներով 1917 թվականին Թիֆլիսում տպագրվել է Լեոյի «Հայոց պատմության» 1-ին հատորը: Տեր-Մարգարյանն իր կտակում խոշոր գումարներ էր նախատեսել հայ մշակույթի զարգացման, նրա երախտավորների նյութական ապահովության համար: 1922 թվականին տարագրվել է:
Մահ
Գասպար Տեր-Մարգարյանը մահացել է 1935 թվականին, Նիս (Ֆրանսիա) քաղաքում:
Հիշատակ
- Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Գասպար Տեր-Մարգարյանի անունով:
- 2011 թվականին Կապանի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել «Հիշողություն» խորագիրը կրող ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի Կապանի պատմությունը, ինչպես նաև Գասպար Տեր-Մարգարյանի գերդաստանի պատմությունը:
Գրականություն
- Գրիգորյան Ռ., Լեոյի չորս անտիպ նամակները, ԲՀԱ, համար 1/28, 1971:
Ծանոթագրություններ
- ↑ ««Ի՞նչ անեն, կորչեն-գնա՞ն փոքր գյուղերը»»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-26 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 585:
- ↑ «Կապանի պատմությունը` «Հիշողություն» ցուցադրությունում | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն»։ armenpress.am։ Վերցված է 2019-05-26